«Ինձ ասացին, որ ոստիակնությունում եմ գտնվում, քանի որ հրել եմ ոստիկաններին, սակայն ես ասացի, որ ես չեմ հրել, այլ իրենք ենք մեզ խփել»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հրանտ Թամրազյանը, ով այսօր Իջևանում բերման էր ենթարկվել ոստիկանություն:
Ինչպես արդեն հայտնել ենք, ի պաշտպանություն քաղբանտարկյալների` Իջևանում նախատեսված ակցիան այսօր խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որոնք ակցիայից մեկ ժամ առաջ փակել էին դեպի հրապարակ մտնող բոլոր մուտքերը և քաղաքացիներին չէին թույլատրում մուտք գործել այնտեղ:
Այնուհետև ՀԱԿ-ի Իջևանի գրասենյակից երթով, դրոշներով ու «Նիկոլ, Նիկոլ» վանկակումներով եկան Կոնգրեսի Իջևանի ակտիվիստները, իսկ Կոնգրեսի մի խումբ ներկայացուցիչներ ու լրագրողներ, ովքեր կարողացել էին մտնել հրապարակ, մնացին ոստիկանների թիկունքում, քանի որ ճանապարհը ուղեփակոցներով փակված էր:
Կոնգրեսի ներկայացուցիչները որոշեցին հենց ուղեփակոցների մոտ անցկացնել փոքրիկ հանրահավաք:
«Այն անօրինականությունը, այն թալանը, որ կա, այն, ինչ-որ կա այսօր Հայաստանում, ոչ ոք չի ուզում, որ լինի, բայց այսօրվա իշխանությունը դա ստեղծեց` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Կլինի ձեր մարզպետն այստեղ, կլինի ձեր ոստիկանպետն այստեղ, կլինի ձեր հարկահավաքը, մասնակից են այս հանցագործ համակարգի, և մի օր առաջ դուք պիտի հեռանաք, որովհետև դուք երկիրը չեք կարողանում կառաավարել: Դուք ամեն ինչ անում եք, որ մեքն զզվենք, բայց այս երկրից մենք չեն հեռանալու, հիշեք, ականջներիդ օղ արեք, գնալու եք դուք` այն մարդիկ, ովքեր այս համակարգին ծառայում են, այն մարդիկ, որ Նիկոլին, Սասունին, մեր ընկերներին ձերբակալում են», – հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ով ելույթ ունեցավ առաջինը:
Ելույթներից հետո Իջևանի Անկախության փողոցով տեղի ունեցավ երթ, որը ոստիկանները պարբերաբար խոչընդոտում էին:
Նշենք նաև, որ քաղաքացիական հագուստով մի անձ պարբերաբար փորձում էր վեճ հրահրել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների հետ: Ըստ Կոնգրեսի ներկայացուցիչներից մեկի` այդ մարդը Տավուշի մարզի քրեական բաժնի պետն էր: