Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Հայաստանին «գործնական քայլեր ձեռնարկել բիզնեսի և քաղաքականության տարանջատման ուղղությամբ»: Նրանք հայաստանյան իշխանություններին հորդորում են նաև «ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների և հարցաքննությունների պրակտիկան համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»:
Այս դրույթները տեղ են գտել Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ հանդիպման ավարտին ընդունված ամփոփիչ փաստաթղթում:
Հարկ է նշել, որ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության նախագիծը դեռ երեկ երեկոյան շատ ավելի կոշտ ձեակերպումներ էր պարունակում: Մասնավորապես, հիշատակում կար իշխանությունների` մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին, նշում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հենց այս դրույթն էր, որ սուր քննարկումների առիթ է տվել: Եվրոպացի պատվիրակներից ոմանք պնդում էին, որ պաշտոնական Երևանը ճնշում է բանեցնում իրենց նկատմամբ` հայտարարության տեքստից կոշտ ձևակերպումները հեռացնելու նպատակով: Կրքերը հատկապես թեժացան, երբ Լիտվայի նախկին ղեկավար, պահպանողական Վիտաուտաս Lանդսբերգիսն ի նշան բողոքի լքեց դահլիճը:
«Ես պարզապես հարցրեցի` եթե մամուլի ազատության սահմանափակումներին վերաբերող դրույթը նախագծի տեքստից հանում եք, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ճնշումները վերացել են, արդյոք վերացե՞լ է ինքնագրաքննությունը: Ես պարզապես հարցրեցի, և դուք լսեցիք պատասխանը` ամեն ինչ հրաշալի է», – նշում է Լանդսբերգիսը:
Նախապես շրջանառության մեջ դրված տեքստի 14-րդ կետում գրված էր. «Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու համար»:
Երկարատև քննարկումներից ու բանակցություններից հետո այս դրույթը հետևյալ տեսքն է ստացել. «Կոչ ենք անում արագորեն և մանրակրկիտ կերպով հետաքննել [լրագրողների դեմ հարձակումների] բոլոր դեպքերն ու պատժել մեղավորներին»:
«Դա հայկական կողմի առաջարկն էր` փոխարինել այս կետը նորով, որտեղ որևէ հիշատակում չկա մամուլի հետ կապված խնդիրների մասին, միայն բարելավումների մասին է խոսվում: Գուցեև այդպես է, սակայն ես համոզված չեմ, որ այնտեղ այլեւս որեւէ խնդիր չկա», – նշում է Լանդսբերգիսը:
Հայկական կողմից բրյուսելյան քննարկումներին մասնակցում էին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ու Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»):
Վերջինս բացատրելով, թե ինչու է հատկապես մամուլի ազատության սահմանափալումների մասին դրույթը հայկական կողմի դժգոհությունն առաջացրել` նշել է. «Եթե դուք ծանոթ եք «Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010 թվականի` աշխարհում մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությանը, ապա այնտեղ հստակ նշված է, որ Հայաստանը մամուլի ազատության հարցում զգալի առաջընթաց է ապահովել: Դուք կարող եք ինձ չհավատալ: Կարծում եմ, սակայն, որ որևէ խնդիր չունեք չվստահելու այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է «Լրագրողներ առանց սահմանների»: Այս կազմակերպությունն ընդամենը 20 օր առաջ հրապարակած զեկույցում հայտարարեց, որ, այո, Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ցուցիչով: Սա անհամեմատ է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեր մյուս հարևանների հետ: Մասնավորապես, Հայաստանն այդ ցուցիչով 101-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը`169-րդ»:
Ի դեպ, մինչև կեսօր պատգամավորների մոտ նաև մի դրույթ էր շրջանառվում, որում նշված է Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին: Այս մի ձևակերպումը պարունակող լրացումը, սակայն, ևս մերժվեց` տեղ չգտնելով եվրոպացի խորհրդարանականների հայտարարության վերջնական տարբերակում: