Dasaran.am առցանց նախագիծը երևանյան 30 դպրոցների ղեկավարներին տրամադրեց «Տնօրենի էլեկտրոնային միջավայր» աշխատանքային էլեկտրոնային գործիքը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել դպրոցի վերահսկման գործընթացը:
Նոր գործիքը թույլ է տալիս էլեկտրոնային տարբերակով տեսնել տվյալ դպրոցի բոլոր ուսուցիչների ցուցակը, թե որ ուսուցիչը որ դասարանում է դասավանդում և որքան առարկա, աշակերտների ցանկը` ըստ դասարանների, ինչպես նաև ուսուցիչների կողմից հետին թվով դրված գնահատականները, ուսուցիչների կողմից արված մեկնաբանությունները, յուրաքանչյուր դասարանի գնահատականները և բացակաները, հայտնում են նախագծի հեղինակները:
«Հետին թվով գնահատականներ» բաժինը տնօրենին հնարավորություն կտա տեսնել իր դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի կողմից դրված հետին թվով գնահատականների քանակը:
«Հաղորդագրություն բաժինը» հնարավորություն է տալիս տեսնելու ուսուցիչների կողմից աշակերտների ծնողներին ուղղված մեկնաբանությունները, որոնք կարող են լինել դասի ժամանակ երեխայի վարքից, կարգապահությունից, դասին պատրաստված չլինելուց, ինչպես նաև դպրոցում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:
«Մատյան» բաժնում արտացոլվում է յուրաքանչյուր դասարանի, ցանկացած աշակերտի գնահատականները, ինչպես նաև միջին բանավոր, միջին գործնական, միջին թեմատիկ, միջին կիսամյակային գնահատականները և բացակաները:
Ի լրումն, ներկայացվեց նաև վերլուծական գործիքի նախագիծը, որը շուտով նույնպես մատչելի կլինի տնօրենների համար և որի միջոցով վերջիններս հնարավորություն կունենան կատարել մի շարք վերլուծական աշխատանքներ իրենց դպրոցների վերաբերյալ, բացահայտել դպրոցում առկա խնդիրները և այդ վերլուծությունների հիման վրա ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ խնդիրների վերացման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ծնողների և աշակերտների համար Dasaran.am-ի շրջանակներում ևս կգործի նոր ծառայություն` «Հոգեբանի անկյուն»: Այս բաժնի օգնությամբ կարելի է շփվել բարձր որակավորում ունեցող հոգեբանների հետ և ստանալ հոգեբանական խորհրդատվություն: Ինֆորմացիայի խիստ գաղտնիության երաշխավորումը կապահովի ավելի անկաշկանդ մթնոլորտ: Կայքի օգտատերերը «Հոգեբանի անկյուն» բաժնի օգնությամբ կարող են տեղեկանալ,
թե ինչպես կարելի է կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները
• բացահայտել երեխայի զարգացման և դաստիարակման գաղտնիքները
• կարգավորել ծնող-երեխա փոխհարաբերությունները
• փոխել Ձեր երեխայի անցանկալի վարքը: