Ուկրաինան որոշել է ժամանակավորապես հետաձգել Համաշխարհային առևտրային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ առևտրային վեճի կարգավորման համար հատուկ խումբ ստեղծելը: Այս մասին երեկ հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին:
«Քանի որ Հայաստանի հետ մենք գտնվում ենք խորհրդակցության փուլում, համաձայնել ենք երկարաձգել այն և մինչև բանակցությունների հաջորդ փուլը չենք պնդի հատուկ խմբի ստեղծումը»,- «Կոմերսանտ-Ուկրաինային»-ին հայտնել է Պյատնիցկին:
Հայաստանի հետ խորհրդակցությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի կեսերը: Հայաստանի և Ուկրաինայի միջև վեճը կապված է ծխատոտի վրա գործող ակցիզային հարկերի հետ, որոնք տարբեր են` կախված ներմուծված և հայկական լինելու փաստից: Ներմուծվածները` 6500 դր.` 1 հազ. հատ ծխախոտի համար, իսկ հայկականը` 4750 դր.: Հայաստանը նաև ավելի բարձր ակցիզային հարկեր է սահմանում ներմուծված ալկոհոլային խմիչքների համար, այդ թվում` գարեջրի:
Մի շարք խորհրդակցություններից հետո Երևանը միայն մասնակի զիջումների է գնացել: Ակցիզային հարկերը ծխախոտի համար աստիճանաբար կհավասարեցվեն (մինչև 2014թ.), իսկ ալկոհոլի հարկերի նվազեցումը կտարածվի միայն օղու վրա` 2011 թվականից:
Հուլիսի 20-ի ոչ պաշտոնական խորհրդակցությունից հետո Ուկրաինան դիմել էր
Առևտրի համաշխարհային կազմակերպություն` առևտրային վեճի վերաբերյալ պաշտոնական խորհրդակցություններ նշանակելու, իսկ հոկտեմբերի 25-ին վեճի լուծման վերաբերյալ հարցի դիտարկման համար: Բայց այդ ժամանակ Հայաստանը օգտվել էր խորհրդատվությունը մեկ ամիս երկարաձգելու իր իրավունքից, ինչի արդյունքում էլ հատուկ խումբը չէր կազմավորվել: Այս անգամ Ուկրաինան է համաձայնել երկարացնել խորհրդատվության ժամկետները: «Մենք դեռևս սպասում ենք շահավետ առաջարկի»,- ասել է Պյատնիցկին:
Հարցն այն է, որ Երևանն առաջարկել է ուկրաինական կողմին վեճը լուծել ԱՊՀ երկրների միջև գոյություն ունեցող ազատ առևտրի վերաբերյալ չափորոշիչների համաձայն: «Մեր խնդիրը ոչ թե ապացուցելն է, որ Հայաստանը խախտել է ազատ առևտրի կանոնները, այլ ուկրաինական արտադրողների պաշտպանությունն ապահովելը: Եթե Հայաստանը հաստատի, որ օգտագործելու է ԱՊՀ-ի սկզբունքները` համաձայն որի մեր արտադրողների իրավունքները կհավասարեցվեն իրենցին, ապա մենք բավարարված կլինենք»,- ասել է պաշտոնյան:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը երեկ հայտարարել են, որ Կիև պատվիրակության վերջին այցելության ընթացքում «առևտրային թյուրիմացությունները» կարգավորվել են, սակայն պայմանավորվածությունների մանրամասները դեռ չեն հստակեցվել: