«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը այսօր Facebook հասարակական ցանցում տեքստ է տեղադրել, որտեղ բացատրել է, թե ինչու նա չի միանում Նիկոլ Փաշինյանի ազատության համար ստորագրահավաքին:
Հայատարարության մեջ նա դիմում է Կարինե Խոդիկյանին, որը, ըստ Ղազարյանի, «Հայկական ժամանակ»-ում գրել է «Նիկոլ Փաշինյանի լրագրողական ազատությունների, քաղաքացիական պարտքի, մեր պայծառ ապագայի հույսի ու էլի նման բաների մասին»
«Այն, որ Փաշինյանը և մնացածները դատապարտված են քաղաքական հայացքների համար և պետք է ազատ արձակվեն, այն որ մարտի մեկից հետո դատապարտվել են միայն ընդդիմության կողմնակիցները, մինչդեռ մարտի մեկի համար պատասխանատու են թե իշխանությունը, թե ընդդիմությունը, այն որ մեր հանրային կարծիքը չի վստահում արդարադատության ինստիտուտին, հետևաբար որևէ վճիռ մարտի մեկի գործով նման մթնոլորտում միայն անվստահությունն է խորացնելու, ես կասկած չունեմ:
Բայց բոլոր այդ ստորագրահավաքները, մնացած ակցիաները քաղաքական են, հստակ քաղաքական նպատակներով և PR էլեմենտներով և որևէ կապ չունեն լրագրության, նրա ազատությունների հետ, այնպես, ինչպես լրագրության հետ արդեն շատ վաղուց կապ չունի Նիկոլ Փաշինյանը, որը իր գլխավորած թերթը դարձրել է բութ գործիք քաղաքական մրցակիցներին բարոյապես ոչնչացնելու և սեփական թիմի քարոզարշավը անելու պարզ մտադրությամբ` այստեղից էլ ողջ հայհոյանքը, սուտը, սեփաան աղբյուրների վրա հիմնված, բայց մարդկանց ուղեղները լվանալու համար թխած հոդվածները, «ուտեչկաները» ու էլի լրագրության հետ որևէ կապ չունեցող բաների առատությունն այս թերթում` քննադատության հետ զուգահեռ:
Մեր հանրային կյանքը միշտ տուժել է ջրբաժաններից: Այսօր էլ դուք փորձում եք գիծ քաշել Նիկոլի համար ստորագրություն դնողների և չդնողների միջև: Չդնողները «ծառայամիտ» են, իսկ դնողները` Չեգևարայի հարավկովկասյան հետնորդները: Տիկին Խոդիկյան, Նիկոլի համար ցույց անող խմբագիրներց և լրագրողներից շատերին գիտեմ. մեկը նեղված է իշխանությունից, մյուսը` առավոտյան իշխանության տարբեր օղակներից փող է վերցնում, ցերեկը գոռում է` ազատություն Նիկոլին, երեկոյան բարոյական լոլոներ գրում իր թերթում: Ուզում եմ ասել, որ էդ մարդիկ, եթե Նիկոլի նկարով տատու էլ անեն, նույնն են մնալու: Այնտեղ կան նաև շատ պարկեշտ լրագրողներ և խմբագիրներ:
Ուզում եմ ասել, որ այդ ջրբաժանը գուցե Ձեր ճաշակի մեջ է, բայց ոչ իրականության: Ես ասեցի, որ Նիկոլին և մնացածներին դատապարտել են քաղաքական հայացքների համար և նրանց պետք է ազատել: Բայց Նիկոլի անհանդուրժողականությունը, ավտորիտարիզմը, սեփական թիմը և իդեալը ամեն գնով արդարացնելու մոլուցքը տեսնելու համար մեծ դրամատուրգ կարծում եմ պետք չէ լինել, պետք է ընդամենը դուրս գալ ազատամիտ մտավորականի կլիշեից:
Իմիջայլոց, մեր ակադեմիկոսները ստեղծագործական միությունների ղեկավարները անսպասելորեն միացան Նիկոլ Փաշինյանի ազատության արշավին: Տիկին Խոդիկյան, Դուք հավատում եք, որ նրանց մոտ հանկարծ արթնացել է քաղաքացիական պարտքի զգացումը: Ես չեմ հավատում: Իսկ թե հանուն ինչի է նման «անտես ու հզոր ձեռքը» Նիկոլ Փաշինյանին համամտավորական ծառայություն մատուցում, կցանկանայի, որ Դուք ասեիք: Դուք ճիշտ եք ակնարկում, որ մենք` հեռուստատեսային լրագրողներս, ոչ միշտ ենք ազատ ու անկաշկանդ, սակայն գոնե մեր հիշողությունը դեռ ազատ է:
Օրինակ, Դուք քննադատում եք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, շատ ճիշտ գնահատականներ եք տալիս վատ երևույթներին, բայց որքան հիշում եմ, Դուք Քոչարյանի ժամանակ մշակույթի փոխնախարար եք եղել, այսինքն` Քոչարյանի թիմի անդամ և ուղղակի պատասխանատվություն եք կրել իշխանության մշակութային քաղաքականության համար: Չեմ կարող հասկանալ ինչն է Ձեզ ստիպել այդքան անարդարություններ կուլ տալ և ռեժիմի վրա աշխատել: Մարտի մեկի դեպքերից առաջ, շատ պետական պաշտոնյաներ հայտարարություն ընդունեցին անարդարությունների դեմ` պաշտոնի գնով: Որքան հիշում եմ, Ձեր ստորագրությունը չկար: Մարտի մեկից հետո էլ Դուք հրաժարական չտվեցիք: Գուցե Դաշնակցության և ՕԵԿ-ի նման ներսից էիք ցանկանում ռեժիմը քանդել:
Ժողովրդավարության և ազատությունների նկատմամբ Ձեր սերը տարօրինակորեն համընկավ Ձեր պաշտոնանկության հետ: Սիրելի տիկին Խոդիկյան, ազատություն Նիկոլ Փաշինյանին և ազատություն իրերն իրենց անունով անվանելու մեր իրավունքին», – գրված է Պետրոս Ղազարյանի հայտարարության մեջ: