Օրերս վենդետայի փորձ է եղել Ստեփանակերտում: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, նոյեմբերի 19-ին Հադրութի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունահեղության հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների հարազատները փորձել են մտնել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ և վրեժխնդիր լինել այնտեղ գտնվող 19-ամյա Մանվել Հազրոյանից, ով մեղադրվում է սպանությունն իրականացնելու մեջ:
Դեպքից հետո մահացածների և վիրավորների հարազատներին ապատեղեկատվություն էր հասել, որ երևանյան զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայող Սարգիս Մելքումյանը մահացել է, ինչն էլ դարձել է հարազատների զայրությի պատճառը:
Մանվել Հազրոյանի պաշտպանը, ԼՂՀ փաստաբանական պալատի հանրային պաշտպանության գրասենյակի փաստաբան Արմեն Սիմոնյանը «ՀԺ»-ին տեղեկացրել է, որ ինքն այդ օրը պետք է գնար իր պաշտպանյալին տեսակցելու, սակայն, իրեն զանգել են քննիչները և ասել, որ չգնա:
«Երբ հարցրի, թե ինչու, ինձ ասացին, որ Մելքումյանի և մյուս վիրավոր զինծառայողների հարազատները հոսպիտալի մոտ «բունտ» են բարձրացրել և փորձել են մտնել Հազրոյանի մոտ և վրեժխնդիր լինել նրանից»,- ասել է Մանվել Հազրոյանի պաշտպանը: Նա հավելել է նաև, որ հարազատներին չի հաջողվել մտնել հոսպիտալ, քանի որ մուտքը փակվել է Ռազմական ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների կողմից:
Սակայն հավաքված բազմությունն անմիջապես չի հեռացել, մի քանի ժամ շարունակ նրանք մնացել են հոսպիտալի մուտքի մոտ, հետո միայն հեռացել են` սպառնալով նորից վերադառնալ:
Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հազրոյանը մեկուսարան է տեղափոխվելու երկու շաբաթից, իսկ մինչ տեղափոխվելը իրավապահները շարունակելու են հոսպիտալում հսկել նրա անվտանգությունը: Փաստաբանը նաև նշել է, որ այժմ իրավիճակը հանգստացել է,իսկ վիրավոր զինվորի` Մելքումյանի վիճակը այլևս ծանր չէ:
Երեկ նաև տեղեկություններ են տարածվել, որ Մելքումյանը ցուցմունք է տվել և նշել է, որ Հազրոյանը չի եղել զինվորների վրա կրակողը,սակայն «ՀԺ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ հրապարակման ենթակա նոր մանրամասներ չկան: