Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի արմատական բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Doing Business-ի ցուցանիշների բարելավման վերաբերյալ նախորդ խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարականներ էր տվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին` աշխատանքային խմբերում քննարկել ու մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված ներկայացված առաջարկություններով: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում և հստակեցում), բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր:
Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին: