Home / Армения / Կենդանիների իրավունքները մարդու պարտականությունն են. քննարկում

Կենդանիների իրավունքները մարդու պարտականությունն են. քննարկում

«Փոքր խորհրդի» հերթական նիստի ժամանակ, որին ներկա էին նկարիչներ, գրողներ և հասարակական գործիչներ, այս անգամ քննարկել են մարդու և կենդանիների  իրավունքները, որն այժմ նշվում է նույն օրը` դեկտեմբերի 10-ին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն առաջարկել է տարբերակել մարդու բնական, անօտարելի իրավունքները (քաղաքացիական իրավունքներ) ու քաղաքական իրավունքները:

Անօտարելի իրավունքներն անխտիր բոլորի վրա տարածվող իրավունքներն են: Սակայն, անկախ նրանից` ընդունում ենք մենք այդ իրավունքները որպես Աստծո շնորհ, թե ոչ, դրանք միս ու արյուն են ձեռք բերում, այսինքն կյանքի են կոչվում միայն այն ժամանակ, երբ գոյություն ունի իրավունքների ճանաչման և պաշտպնության արդյունավետ համակարգ:  Նման համակարգերը գործում են միայն ժողովրդավարական, սահմանադրական երկրների շրջանակներում:   

Քաղաքական իրավունքները մարդկանց որոշակի խմբին վերաբերող իրավունքներն են:  Այս իրավունքները գործում են կոնկրետ երկրների տարարածքում և այդ իրավունքներին տիրապետում են տվյալ պետության քաղաքացիները: Այդ իրավունքներն առաջանում են միացյալ կամքի դրսևորման արդյունքում: Սկզբունքայնորեն, յուրաքանչյուր կոնկրետ պետության մեջ հենց քաղաքական իրավունքների տերերն են ստեղծում մարդկանց պաշտպնության համակարգը:

Կենդանիների իրավունքների պաշտպան Լալա Պողոսյանը, իր հերթին, նշել է, որ հարցի նման դիտարկման դեպքում շատ ավելի հեշտ է հասկանալ կենդանիների` հատկապես նյարդային համակարգ ունեցողների նմանօրինակ բնական իրավունքները:

Կենդանիների այնպիսի իրավունքերի, ինչպիսիք են` կյանքի իրավունք, կյանք առանց տառապանքների. ազատության իրավունք, համարվում են մարդակենտրոնության սահմաններից դուրս գալու, նրա պատասխանատվության բարձրացման տրամաբանական շարունակություն: Կենդանիների իրավունքները վաղուց ամրագրված են միջազգայնին համաձայնագրերում և որոշումներում, իսկ մեր հասարակություններից և երկրներից կախված է դրանց վավերացումը` որպես համամարդկային արժեքային համակարգի հաստատման վերջին փուլերից մեկը:

Ներկայումս աշխարհում գոյություն ունեն կենդանիների իրավունքների պաշտպանության տարբեր մոտեցումներ: Որոշ երկրներում կենդանիները ճանաչվում են որպես իրավունքի սուբյեկտ, այլ երկրներում, մասնավորապես` ԱՊՀ երկրներում, այդ թվում և Հայաստանում, կենդանիներն ընդամենը իրավունքի օբյեկտ են և ինչ-որ մեկի սեփականությունը: Բայց երկու դեպքում էլ կենդանիների իրավունքները կարող են պաշտպանել միայն մարդիկ: Ամեն դեպքում, մոտեցումների նման տարբերությունը էական է հանցագործությունների  մեկնաբանման դեպքում: Եթե կենդանին ինչ-որ մեկի սեփականությունն է, ապա դաժանությունը նրա հանդեպ դիտարկվում է միայն որպես վնաս անձի սեփականությանը, մինչդեռ այն երկրներում, որտեղ կենդանին իրավունքի սուբյեկտ է, օրենքն ավելի խիստ է նման իրավախախտների նկատմամբ և երբեմն կարող է որպես պատժամիջոց կիրառել ազատազրկումը:

Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն առաջարկել է կենդանիների պաշտպանությունը համարել ոչ թե իրավունք, այլ մարդկանց պարտականություն, քանի որ մարդն իրեն բնության տիրակալ է հայտարարել և պատասխանատվություն է կրում ողջ կենդանական աշխարհի համար:

Արվեստագետ Արման Գրիգորյանն էլ առաջարկել է նույնիսկ կենդանիներին սեփականություն ունենալու իարվունք տալ, օրինակ, նման սեփականություն կարող է համարվել նրանց մարմինը կամ տարածքը:

Տեքստը տրամադրել է Լալա Պողոսյանը