Home / Армения / Հայաստանում ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է. բաց նամակ

Հայաստանում ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է. բաց նամակ

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանն իշխանություններից պահանջում է դադարեցնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընտրությունները և բարեփոխումներ իրականացնել գիտության ոլորտում: Այս մասին նա գրում է այսօր տարածած իր բաց նամակում և իր պնդման համար հիմանվորումներ ներկայացնում:

«Հայաստանի պայմաններում ակադեմիկոսների ինստիտուտը կառուցված է մի շարք անհեթեթությունների վրա և, փաստորեն, կործանում է Հայաստանի գիտության ապագան։ Այդ փաստը հայտնի է և հիմնավորված, ամեն դեպքում, մեր քննադատությունները երբեք չեն վիճարկվել», – նշում է Բարսեղյանը։

Նա գրում է, որ Ակադեմիան հայտարարել է նոր ընտրություններ, և «ակադեմիկոսներին կարելի է հասկանալ. գիտությամբ նրանք հիմնականում չեն զբաղվում, այնպես որ, հաճույքով կկոտրեն նրանց կյանքը, ովքեր դրանով զբաղվում են, իսկ մյուս կողմից, կզբաղվեն շահավետ ակադեմիական առևտրով»։

Բարսեղյանի խոսքով` նախքան գումար տրամադրելը և ակադեմիական նման առևտուր-խաղերը խրախուսելը, պետությունը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է բավարարում ակադեմիկոսների քմահաճույքները և, դրանով իսկ, իր վրա վերցնում Հայաստանի գիտության թշվառ վիճակի պատասխանատվության մի մասը։
Բարսեղյանը հինգ կետով բացատրում է, թե ինչու է «նոնսենս ակադեմիկոսների ինստիտուտը»:

«1. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է բարոյական տեսակետից (քանի որ չի կարելի ցմահ ղեկավարելու իրավունք տալ, ինչպես Ակադեմիայի դեպքում է):

2. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է պետական տեսակետից (քանի որ չի կարելի ցմահ հավելավճարներ տալ, ինչպես Ակադեմիայի դեպքում է):

3. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է գիտական տեսակետից (քանի որ գիտնականի իրական դեմքը կարող է որոշվել միայն եւ միայն տվյալ  մասնագիտության միջազգային նեղ գիտական համայնքի կողմից, եւ ոչ թե ակադեմիկոսների խմբի կողմից, որոնք չունեն համապատասխան որակավորում, ավելին՝ որոնք ընտրություններում անձնական շահ են հետապնդում):

4. Ակադեմիկոսների ինստիտուտը քայքայիչ ազդեցություն ունի գիտության վրա (քանի որ գիտնականները փորում են իրար տակ, որպեսզի ակադեմիկոս դառնան, փոխանակ համախմբեն ուժերը գիտական նորանոր ձեռքբերումների և միջազգային դրամաշնորհներ ստանալու համար):

5. Ակադեմիկոսների ինստիտուտը չափազանց անբարոյական ազդեցություն է գործում հասարակության վրա՝ տալով անհեթեթ բարձր ֆինանսական հավելավճարներ (քանի որ նա, ով ակադեմիկոս է ընտրվել, ստանում է մոտ 300% ավել հավելավճար, չհաշված աշխատավարձը, ի տարբերություն նրանց, ովքեր չեն ընտրվել կամ չեն ցանկացել մասնակցել ակադեմիական ընտրություններին, այն դեպքում, երբ, ասենք, գիտությունների թեկնածուի և դոկտորի աշխատավարձերի տարբերությունը ընդամենը 20-25% է)», – գրում է Բարսեղյանը: