Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հրաժարվել է քրեական գործ հարուցել ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի հաղորդագրության հիման վրա: Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակած բողոքում Գասպարին նշում է, որ նոյեմբերի 16-ին ինքը հաղորդագրություն է ներկայացրել` նոյեմբերի 12-ին ՀՀ Դատախազության շենքի առջև ոստիկանության կողմից կատարված հանցագործության մասին: Համաձայն հաղորդագրության` ոստիկանները հրել և գցել են Գասպարիին:
Սակայն նոյեմբերի 27-ին ՀՔԾ-ն նամակով տեղեկացրել է Գասպարիին քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
«ՀՔԾ-ն, իր հերթին, կատարել է ոչ թե հանցագործությունը բացահայտելու, այլ կոծկելու պարտականությունը, այսինքն` ՀՔԾ-ն իր որոշումը հիմնավորել է բացառապես ոստիկանության աշխատակիցների տված բացատրությունների հիման վրա: Այն ընդհանրապես հաշվի չի առել իմ հաղորդագրության մեջ նշած ԶԼՄ-ների լուսաբանությունը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի (Ռուզաննա Ստեփանյան) հաղորդումը. «Ոստիկաններից մեկը հրեց և վայր գցեց Վարդգես Գասպարիին»: Հետևաբար պահանջում եմ` ՀՀ գլխավոր դատախազը կամ լրացուցիչ հնարքներ գտնի և ներկայացնի` կատարված հանցագործությունը պարտակելու համար, իսկ եթե անկարող է դա անել, ապա որոշում կայացնի` կատարված հանցագործության մասին քրեական գործ հարուցել», – նշում է Վարդգես Գասպարին: