Բևերլի-Հիլզում Julien’s Auctions-ի կազմակերպած աճուրդում փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է 330 հազար դոլարով, գրում է Associated Press-ը։
Այս սպիտակ ձեռնոցը Ջեքսոնը կրել է 1980-ականներին՝ Bad սկավառակին նվիրված հյուրախաղերի ժամանակ։ Ձեռնոցի մի երեսն ամբողջովին պատված է Սվարովսկի քարերով։
Աճուրդի ընթացքում 96 հազար դոլարով վաճառվել է նաև երգչի ստորագրությամբ բաճկոնը, ինչպես նաև նրա գլխարկներից մեկը, որի համար 76 հազար դոլար են վճարել։
Նշենք նաև, որ աճուրդի ընթացքում վաճառքի են հանվել այլ հայտնի մարդկանց անձնական իրերը։ 240 հազար դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի բաճկոնը, որով նա լուսանկարվել էր 1966 թվականին Life Magazine-ի համար, ինչպես նաև Մերիլին Մոնրոյին պատկանող դեղերի մի քանի շիշ՝ 18,7 հազար դոլարով։