Դեկտեմբերի 3-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին և Մարդու իրավունքների Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային: Նամակներում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը կարևորում է դեկտեմբերի 7–ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարևոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի հաղորդագրության մեջ:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ հեղինակավոր Եվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձևերի, ԵՄ նախագահության 2008թ. մարտի 4-ի, մարտի 12-ի և 2010թ. մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները: Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, Մարտի 1-ի սպանությունների անկողմնակալ և վստահելի քննությունը, Ա1+ հեռուստաընկերության եթերազրկումը և ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը:
Ներկայացնելով նշված խնդիրների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ` ընդդիմության առաջնորդը վստահություն է հայտնում, որ ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությունը կարող է կարևոր և արդյունավետ գործիք հանդիսանալ այս հարցերում Հայաստանի իշխանությունների որդեգրած վարքագիծը փոխելու համար:
«Անհրաժեշտ են վճռական և շարունակական ջանքեր, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդյունք: Դրանք կարող են նաև ցրել հայկական հասարակության այնպիսի վնասակար ընկալումները, որ Եվրոպան պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները` ԼՂ բանակցություններում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի իշխանություններից զիջումներ ստանալու փոխարեն», – նշված է ՀՀ առաջին նախագահի նամակներում: