Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի Օպերայի և Բալետի պետական թատրոնի բեմում «Կարմեն» ներկայացումից առաջ ելույթ է ունենալու ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն: Դերասանը մի քանի հատվածներ է կարդալու Պրոսպեր Մերիմեի համանուն ստեղծագործությունից, գրում է Новости-Азербайджан-ը:
Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերին «Կարոտ» փառատոնի շրջանակներում ֆրանսիացի դերասանը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ էր այցելել:
Ռուսական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև իտալացի երգիչ Ալ Բանոյի` Ղարաբաղ կատարած այցից հետո, Հեյդար Ալիևի անվան պալատի վարչակազմի նախաձեռնությամբ հայտարարություն ընդունվեց, համաձայն որի «բոլոր այն արվեստի գործիչներին, ովքեր երբևէ ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում, արգելվում է որևէ ստեղծագործական գործունեություն ծավալել Ադրբեջանում»:
Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Ադրբեջանի բոլոր նախարարություններն ու վարչությունները, հատկապես Մշակույթի և Տուրիզմի նախարարությունը, ամեն կերպ հետևելու են և կանխելու են Ղարաբաղում տարբեր արտիստների ելույթները: