Հայաստանի շուրջ 30 հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին վերաբերող համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության հեղինակները դատապարտել են Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները:
Հայտարարության մեջ նշված է, որ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող և պաշտպանող կողմերի միջև հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով:
«Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրամիության, ԱՄՆ կառավարության, բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների եւ
արտասահմանյան կառավարությունների կողմից լուրջ քննադատություններին` հարցը մնում է չլուծված, և Նիկոլ Փաշինյանը ներկայումս երեք տարի տասնմեկ ամիս սահմանված ժամկետով պատիժն է կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Վերջերս` «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ոտնձգություններ են իրականացվել, քանի որ նա հրաժարվել է դադարեցնել իր թերթում հոդվածներ գրելն ու իշխանություններին անընդհատ քննադատելը: Նախորդ երկու ամսվա ընթացքում Փաշինյանը 4 անգամ հարձակման է ենթարկվել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին` Փաշինյանի քնած ժամանակ` երկու դիմակավոր անձանց կողմից: Նախքան դեպքի հետաքննությունը` ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` հռչակելով, թե ոչինչ տեղի չի ունեցել, և Նիկոլը դիմակավորներին տեսել է երազում: Հետաքննությունը փաստացի սկսվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը ներկայացրել է կատարվածը` տրամադրելով ապացույցներ` իր անկողնու սավանը` զինվորական «սապոգի» և արյան հետքերով: Փաշինյանի առողջությանը և կյանքին շարունակում են սպառնալ լուրջ վտանգներ»,- նշում են հայտարարության հեղինակները:
Ներքոստորագրյալ կազմակերպությունները պահանջում են, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին և արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ, ինչպես նաև պահանջում են ՀՀ իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի:
Պահանջագրի տակ ստորագրել են`
1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
4. Շահխաթուն Քաղբանտարկյալների կանանց միություն
5. Հելսինկյան հայկական ասոցիացիա
6. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
7. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
8. Իրավունքի եւ ազատության կենտրոն
9. Մենք-Պլյուս ՀԿ
10. Միջնաբերդ մշակութային-լուսավորչական ՀԿ
11. Հույս ՀԿ
12. Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
13. Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության ՀԿ
14. Սաթիկ Սեյրանյան, 168 ժամ թերթ
15. Շողեր Մաթևոսյան, Չորրորդ ինքնիշխանություն օրաթերթ
16. Արման Բաբաջանյան, Ժամանակ օրաթերթ
17. Արմինե Օհանյան, Հրապարակ օրաթերթ
18. Արամ Աբրահամյան, Առավոտ օրաթերթ
19. Յուրի Մանվելյան, Արմեն Մելիքբեկյան, Epress.am
20. Հայկազն Ղահրիյան, Lragir.am
21. Մեսրոպ Մովսիսյան, Ա1+ Հ/Ը
22. Գեւորգ Էմին-Տերյան, 1in.am
23. Արգիշտի Կիվիրյան, Armenia Today էլեկտրոնային կայք
24. Վահան Խաչատրյան, ԳԱԼԱ հեռուստաընկերություն
25. Ռուզան Ավոյան, ArmVersion էլեկտրոնային կայք
26. Էդիկ Բաղդասարյան, Հետք թերթ, էլեկտրոնային կայք