Home / Հայաստան / Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 80% կփլուզվեն. հետազոտություն

Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 80% կփլուզվեն. հետազոտություն

«Մենք ունենք ահավոր ծանր ժառանգություն, որ եկել է Սովետական Միությունից այն շենքերի տեսքով, որտեղ մենք այսօր ապրում և աշխատում ենք»: Այս մասին այսօր, խոսելով 22 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, հայտարարել է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը:

Ըստ մասնագետի, կառավառությունը հետաքրքրված չէր ահռելի ծախսեր անել Հայաստանում սեյսմակայուն շենքեր կառուցելու համար: Այսօրվա Հայաստանը պետք է մտածի նաև սեյսմիկ անվտագության մասին, կարծում է Մելքումյանը:

«Մեր նորմերը շատ լավն են: Եթե մենք կառուցենք համապատասխան այդ նորմերի, ապա մենք կունենանք հուսալի շենքեր», – հազմոզմունք հայտնեց մասնագետը` հավելելով, որ Սովետական Միության տարիներին շենքերը կառուցվում էին այդ ժամանակի նորմերի համապատասխան, որտեղ սեյսմիկ վտանգը թերագնահատված էր:

Բացի այդ, Մելքումյանը խոսել է նաև այն մասին, որ երկրի բնակչության մեծ մասը բնակվում է Երևանում:

«Խիտ բնակեցված, խիտ կառուցապատված կենտրոնն, ընդ որում, ընդհանրապես արդեն տեղ չունի կառուցելու», – անդրադառնալով մայրաքաղաքին` ասել է Մելքումյանը: Նա նաև կոչ է արել երևանցիներին ապրել հեռու կենտրոնից, քանի որ այն, գիտնականի խոսքով, ամենավտանգավոր տեղն է սեյսմակայունության առումով:

Միքայել Մելքումյանը պատմեց իր և մի խումբ մասնագետների կողմից անցկացրած հետազոտության մասին, որի արդյունքում պարզ դարձավ, որ Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում մայրաքաղաքի շենքերի 80% կփլուզվեն:

Այն հարցին, թե ինչու է, օրինակ, թույլատրվում մոտ 15 քմ մակերեսի վրա կառուցել բարձրահարկ շենք, մասնագետը նշեց կոռուպցիայի բարձր մակարդակը.

«Շինարարությունը բիզնես է այսօր, մենք ապրում ենք վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանում: Երբ գնում է անընդհատ հարստացման պրոցես մի մասի, և անընդհատ աղքատացման` մյուս մասի»:
 
Մասնագետը կարևորել է նաև դպրոցների, հիվանդանոցների և կառավարական շենքերի ամրացմանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը.

«Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը նստած է մի շենքում, որը Նաֆ-Նաֆի տունն է այսօրվա սեյսմիկ վտանգի տեսակետից: Եղավ երկրաշարժ` փլվեց, էդ ո՞վ է կառավարելու: Կամ ո՞վ է կառավարելու, եթե եղավ երկրաշարժ և փլվեցին մեր կառավարական շենքերը»: