Դեկտեմբերի 6-ին բրիտանական Guardian-ը Հայաստանի կողմից Իրան կատարված զենքի փոխանցման մասին Wikileaks-ի կողմից գաղտնազերծված նոր փաստաթուղթ է հրապարակել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին WikiLeaks-ի հրապարակած 2008թ. դեկտեմբերի 24-ի գաղտնի փաստաթղթում ԱՄՆ Պետդեպը նշում է, որ 2003 թվականին Հայաստանից Իրան զենք է փոխանցվել, որից 2007թ. Իրաքում սպանվել է ԱՄՆ զինծառայող: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի անունից Հայաստանի իշխանությունները նամակ են ստացել, որում առաջարկվում է բարեփոխումներ իրականացնել Հայաստանում Արտահանման վերահսկողության ծառայությունում: Գաղտնի փաստաթղթում նաև նշում է «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի դերը» Իրան զենքի փոխանցման գործում:
Խնդրին վերաբերող նոր փաստաթուղթը թվագրված է 2009 թվականի հունվարի 14-ով և կազմվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի կողմից: Փաստաթղթում նշվում է, որ հունվարի 14-ին ԱՄՆ-ը ներկայացուցիչ դեսպան Մեհլին առանձին հանդիպումներ է ունեցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որոնք Յովանովիչը որակել է որպես դրական և կառուցողական:
«Սարգսյանն ընդունել է զենքի փոխանցման փաստը Իրան/Իրաք: Երկուսն էլ նշել են, որ հետաքննություն է սկսվել, թե ինչպես է զենքը փոխադրվել Իրան: Գորիկ Հակոբյանը նշել է, որ զենքը բուլղարական աղբյուրից է եղել, և դրա փոխադրմամբ զբաղվել են բուլղարացիները, հավանաբար, ինչ-որ հայերի անօրինական օգնությամբ», – նշված է փաստաթղթում:
Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել ԱՄՆ-ի կողմից առաջարկված արտահանման վերահսկողության ոլորտին վերաբերող Փոխըմբռնման հուշագիրը:
Պետդեպին ուղղված գաղտնի զեկույցում նշվում է նաև, որ «Նախագահը զարմանալիորեն փոխել է այն մանտրան, որը կրկնում էր վերջին 4 ամիսներին` նշելով, որ «զենքի վաճառք չի եղել և չէր կարող լինել»»:
«Դժվար է ասել, թե ինչն է դրդել նրան նման կտրուկ փոփոխություն կատարել, բայց դա հավանաբար մի կոմբինացիա է, որի մեջ մտնում է լուրջ ապացույցները, փաստարկները, մեզ հետ չհամագործակցելու հետևանքների գիտակցումը, ԱՄն-ը նոր վարչակազմի հետ լավ հարաբերություններ ստեղծելու ցանկությունը, ինչպես նաև սովետական ոճով հաշվարկն առ այն, որ կարելի է ստորագրել Փոխըմբռնման հուշագիրը, բայց կյանքի չկոչել այն», – նշված է փաստաթղթում:
Սերժ Սարգսյանի հետ զրույցում Մեհլին նշել է, որ իրենք պատրաստ են Հայաստանի կառավարության հետ հուշագիրը ստորագրել արտահանման վերահսկողության ոլորտում, ինչը «կառուցողական քայլ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար»: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է հետաքննել զենքի վաճառքը և համագործակցել ԱՄՆ-ի հետ արտահանման վերահսկողության ոլորտում:
Ամերիկյան կողմը դեսպան Մեհլիի` Գորիկ Հակոբյանի հետ հանդիպումը որակել է «սպասվածից ավելի լավ»: Հակոբյանը նշել է, որ զենքի փոխանցման միջադեպից հետո լուրջ փոփոխություններ են իրականացվել համապատասխան կառույցներում:
Փաստաթղթում նշվում է, որ Մեհլին Հակոբյանին փաստեր է ներկայացրել, որոնք հստակ ներկայացնում են զենքի փոխադրման ճանապարհը: 2003 թվականին Հայաստանը հեշտացրել է РПГ-22 ականանետների և ПКМ-ների փոխացնումը Իրանին: Համաձայն այլ փաստաթղթերի` նույն թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը բուլղարական XXXXX ընկերության հետ գործարք է կնքել` ձեռք բերելով РПГ-22 ականանետներ և ПКМ-ներ: Գործարքի մաս կազմող սերտիֆիկատներից մեկի տակ եղել է Պաշտպանության նախարար Սարգսյանի ստորագրությունը: Գորիկ Հակոբյանն ԱՄՆ-ը ներկայացուցչի հետ զրույցում ընդունել է, որ դա հենց Սարգսյանի ստորագրությունն է: ԱԱԾ պետը նաև հարցրել է, թե ով է Հայաստանի անունից ստորագրել զենքի փոխանցման վերջնական փաստաթուղթը, ինչին Մեհլին պատասխանել է, որ իրենք այդ տեղեկատվությանը չեն տիրապետում:
Ամերիկյան կողմից գործը հետաքննող վերլուծաբան Սթյուարտ Իլզը բացատրել է միայն, որ վերջնական փաստաթուղթը ցույց է տալիս, որ գործարքի համար վճարումն իրականացվել է իրանական ընկերության կողմից հայկական բանկի միջոցով և գումարները տեղափոխվել են Բուլղարիա: Գորիկ Հակոբյանը չի հերքել այդ փաստերը` հարցնելով, թե արդյոք բուլղարացիները տեղյակ են եղել, որ զենք են փոխանցել Իրան, ինչին Մեհլին ու Իլզը պատասխանել են, որ բուլղարական կողմը տեղյակ չի եղել այդ մասին:
Հակոբյանը նշել է, որ չի ցանկանում խորացնել խնդիրները և խոստացել է լիարժեքորեն հետաքննել զենքի վաճառքի փաստը և տեղյակ պահել արդյունքների մասին ԱՄՆ-ն իշխանություններին: