22 տարի առաջ դեկտեմբերի 7-ին, 11:41-ին Հայաստանի հյուսիսում Ռիխտերի սանդղակով 7 բալ մագնիտուդով երկրաշարժ գրանցվեց: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր և շրջակա գյուղերը: Սպիտակում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 10 բալ, Գյումրիում` 9 բալ, Ստեփանավանում` 9 բալ, Վանաձորում` 8-9 բալ, Երևանում` 6 բալ: Վնասի գոտու մակերեսը մոտ 10 000 ք/կմ էր, այդ տարածքում ապրում էր 1 միլիոն բնակիչ: Համաձայն պաշտոնական տվյալների երկրշարժի ընթացքում զոհվել է 25000 մարդ, անօթևան մնացել 514000: Հազարավոր մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
Մինչ այսօր երկրաշարժից տուժած տարածքը համարվում է աղետի գոտի, իսկ հարյուրավոր ընտանիքներ դեռևս սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին: