Օրաթերթը մանրամասներ է հրապարակել Գագիկ Բեգլարյանի կողմից նախագահանի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու մասին:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին: Դեպքից մեկ օր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գագիկ Բեգլարյանը, որը ևս հրավիրված է եղել համերգին, ներկա չի գտնվել. նրա փոխարեն համերգին իր ընկերուհու հետ գնացել է Բեգլարյանի կինը: Նրանք դահլիճում նստել են այն աթոռին, որի անմիջական հարևանությամբ պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Մինչդեռ, ըստ պաշտոնական արարողակարգի, Սերժ Սարգսյանի կողքին կարող են նստել Վեհափառը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը: Եվ ահա նախագահականի արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Բեգլարյանի կինը դրանից վիրավորվել է, և փոքր տհաճ խոսակցություն է եղել նրա ու Կանդայանի միջև: Հետո արդեն Բեգլարյանի կինը կատարվածի մասին պատմել է ամուսնուն: Գագիկ Բեգլարյանն էլ հաջորդ օրը շտապել է նախագահական` հարցերը պարզելու: Ըստ մեր աղբյուրների` սկզբում նա գնացել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ և խնդրել հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ: Կարեն Կարապետյանն էլ «մատնել է» Կանդայանին ու կազմակերպել հանդիպում, որը, սակայն, կայացել է ոչ թե նախագահականում, այլ` Բեգլարյանի մեքենայի մեջ: Այստեղ էլ Բեգլարյանը միանգամից հարվածել է Կանդայանին` ասելով. «Դու ո՞վ ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի»:
Այնուհետև մեքենայով ուղևորվել են Մետաքս, որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը: Ծեծից հետո Կանդայանը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որն էլ անմիջապես զանգահաել է Գագիկ Բեգլարյանին և հաշիվներ պարզել նրա հետ` այդ սանձարձակ պահվածքի համար: Հետո այս ամենի մասին իմացել է նաև Սերժ Սարգսյանը, և, առաջին հերթին, բացատրություն է պահանջել ժամանակին «Նաիրիտի» աշխատակիցներին «համբալ» անվանած Կարեն Կարապետյանից: Վերջինս սկսել է արդարանալ, այնուհետև պատրաստակամություն հայտնել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել կամ լսել Գագիկ Բեգլարյանին: Սակայն առայժմ նրա հանդեպ վերջնականապես որոշված չէ, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու: