Օրաթերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավում քաղաքական որոշում է կայացվել նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո փոխել ԿԸՀ-ի նախագահին:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանը, արդյո՞ք նրան այլ պաշտոն կառաջարկվի, թե նրանից իր նախորդի` Արտակ Սահրադյանի պես պարզապես կազատվեն: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ լուրեր էին տարածվել, որ Գարեգին Ազարյանը մասնավոր զրույցներում դժգոհում է, թե ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով նախագահ Դավիթ Հարությունյանն իր դեմ դավեր է նյութում` ցանկանալով իրեն զրկել ԿԸՀ նախագահի պաշտոնից: Իսկ նոր խմբագրությամբ ԸՕ-ն «գլուխ բերելու» գործը Սերժ Սարգսյանը հանձնարարել է հենց Դավիթ Հարությունյանին: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջինս իշխանական վերնախավին համոզել է, որ նոր ԸՕ-ի հիման վրա կազմավորվելիք ԿԸՀ-ն պետք է նոր ղեկավար ունենա: Հենց այս պատմության հետ է կապվում օրերս ՀՀ վերահսկիչ պալատից Ազարյանի վերաբերյալ արտահոսք տալու հանգամանքը, ըստ որի, ԿԸՀ-ի ֆինանսական գործունեությունը ստուգելով` մի քանի միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: