Մի շարք դիտորդներ Ադրբեջանի վերջին խորհրդարանական ընտրությունները համարում են ամենաանհաջողը` երկրի անխախանալու ի վեր: Այս մասին Newcaucasus.com-ին տված հարցազրույցում հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Գամբարը:
«Բավական է ասել, որ մեր թեկնածուների երկու երրորդը գրանցված չի եղել, և արդյունքում` ընտրություններից առաջ արդեն պարզ էր, որ ընդդիմությունը նույնիսկ տեսականորեն հնարավորություն չունի խորհրդարանում մեծամասնություն լինել», ասել է Գամբարը:
Նրա խոսքով` Ադրբեջանի ներկայիս իշխանությունը բացարձակապես վստահություն չի վայելում. «Ընտրություններին մասնակցել է ընտրողների 15%-ը, որոնցից 3-5%-ը քվեարկել է իշխանությունների օգտին, մնացածը` ընդդիմության և իսկապես անկախ թեկնածուների: Ընտրողների մնացած 85 %-ից 40%-ը գտնվում է Ադրբեջանից դուրս: Այս մարդիկ աշխատանքի փնտրտուքներով գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, և այլ երկրներում»:
Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ տիրապետում է փաստերի, համաձայն որոնց` «Մուսավաթի» թեկնածուները ստացել են առավել թվով քվեներ:
Ադրբեջանի խորհրդարանում ներկայումս ընդդիմություն չկա, ասել է Գամբարը. «Իշխանությունները վախենում են անկախ մարդկանցից, միգուցե, ավելի շատ, քան ընդդիմությունից: Նրանց մոտ գործում են բոլշևիկյան սկբունքները `«կամ դու մեզ հետ ես, կամ մեզ դեմ ես»: Արդյունքում` իսկապես անկախ թեկնածուները խորհրդարանում տեղ չզբաղեցրեցին: Նրանցից շատերը դիմում են ստորագրել` ընտրությունները չեղյալ հայտարարելու և Ադրբեջանում նոր ընտրություններ անցկացնելու մասին»:
«Մուսավաթի» առաջնորդի խոսքով` մի քանի տարի շարունակ իշխանությունը պնդում է, որ Ադրբեջանում ընդդիմություն չկա, որ երկրում ամեն ինչ հրաշալի է, տնտեսությունը զարգանում է, ժողովուրդը գոհ է և, հետևաբար, ընդդիմությունը ոչ մի շանս չունի:
Մեկնաբանելով ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ-ի գնահատականը` Գամբարը նշել է, որ «նրանք, ինչպես միշտ, պաշտպանել են ընտրությունների արդյունքները, որովհետև նրանց համար, մասնավորապես` Մոսկվայի, ավտորիտար ռեժիմի աջակցությունը ռազմավարական կարևորություն ունի»: