Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների պատմությունը բավական հետաքրքիր է: Երկու երկրները մշտապես իրենց ներկայացնում են որպես «մեկ ազգ, երկու պետություն»: Թվում է` այս զույգի փոխհարաբերություններում կատարյալ ներդաշնակություն է տիրում, գրում է թուրքական Today’s Zaman-ի վերլուծաբան Ամանդա Փոլը:
Սակայն, Փոլի վկայությամբ, WikiLeaks-ի վերջին բացահայտումները հօդս ցնդեցրեցին «մեծ եղբայր» Թուրքիայի և «փոքր եղբայր» Ադրբեջանի մասին առասպելը:
Հոդվածագրի խոսքով` ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց: Տեսախցիկների առջև երկու երկրների առաջնորդները եղբայրներ են, սակայն փակ դռների հետևում միանգամայն այլ իրավիճակ է տիրում: WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում ամերիկացի դիվանագետները մեջբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, ով քննադատում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բնութագրում է որպես «միամիտ»:
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հատկապես սրվեցին անցյալ տարի, երբ Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին Արձանագրությունները: Ադրբեջանը կարծում էր, որ իրեն դավաճանում են` քննարկելով հայ-թուրքական սահմանի բացման հարցն առանց ղարաբաղյան հակամարտության լուծման:
Այժմ երբ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է, արդյո՞ք երկու երկրների հարաբերությունները բարելավվել են, հարց է տալիս Ամանդա Փոլը:
Նա նշում է, որ իրականում մի շարք խնդիրներ մնում են չլուծված: Թուրքիային, առաջին հերթին, դուր չի գալիս այն փաստը, որ Ադրբեջան մեկնելու համար Թուրքիայի քաղաքացիներին վիզա է հարկավոր: Բացի այդ, Թուրքիային անհանգստացնում է տարածաշրջանում Ադրբեջանի աճող ազդեցությունը: Փոլը գրում է, որ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ զրույցները հաստատում են այն իրողությունը, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կան: Թուրքիայում նշում են, որ Ադրբեջանում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, այնտեղ շատ են խոսում ռուսերեն, մեծ թիվ է կազմում ռուսական դպրոցների քանակը, իսկ Ադրբեջանը չի անցնում թուրքական այբենարանի` ունենալով իրենց «հատուկ» տառերը: Թուրքիայում նաև հաճախ խոսում են այն մասին, որ երկուսն էլ մահմեդական երկրներ են, սակայն Թուրքիայում ավելանում են մզկիթները, իսկ Ադրբեջանը կրոնական խնդիրները խիստ հսկողության տակ է պահում:
Հոդվածագիրը եզրակացնում է, որ որքան էլ երկու երկրները նման լինեն, Ադրբեջանը, իհարկե, Թուրքիա չէ:
Փոլի խոսքով` երկու երկրներում էլ չեն առարկի, եթե եղբայրական պետությունում փոխվի իշխող ռեժիմը:
«Էրդողանը կցանկանար ավելի շատ իր նման առաջնորդ տեսներ Ադրբեջանում (ինչը հնարավոր չէ), մինչդեռ Բաքուն կողջուներ, եթե Թուրքիայում ավելի քեմալիստական ռեժիմ լիներ: Երկուսն էլ պետք է սպասեն որոշ ժամանակ», – եզրակացնում է հոդվածագիրը: