Home / Հայաստան / Աստանան դուռ բացեց նոր նահանջների համար. Զուրաբյան

Աստանան դուռ բացեց նոր նահանջների համար. Զուրաբյան

«Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը վերահաստատում է Լ’ Ակվիլայում և Մուսկոկայում հռչակված կարգավորման սկսբունքները և արձանագրում է հակամարտող կողմերի պարտավորությունը լուծել Ղարաբաղի հարցն այդ սկսբունքների վրա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ-ի հայտարարությունն Աստանայում տեղի ունեցած գագաթաժողովի վերաբերյալ:

Զուրաբյանի խոսքով` հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության,
ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակաշրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած տեղաշարժերը.

«Իսկ հայտարարության տակ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է ՀՀ իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ և արձանագրում հայ դիվանագիտության կողմից այս տարիների
ընթացքում թույլ տրված անընդունելի նահանջները»:

ՀԱԿ համակարգողը թվարկեց նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում
հայ դիվանագիտության կողմից արձանագրված «կործանարար նահանջները»:

«Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների
լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ-ի 1994 թվականի որոշումն անտեսելու Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը, ինչի հետևանքով ԵԱՀԿ և համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարություններից վերացվել է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես հակամարտության կողմ և բանակցությունների իրավահավասար մասնակից», – մասնավորապես, ասաց ընդդիմադիր գործիչը:

Ըստ Զուրաբյանի կողմից ներկայացրած հայտարարության, համաձայնելով տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառմանը, Հայաստանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային
ամբողջականության շրջանակներում:

«Պետք է նշել, որ անգամ նման զիջումների գնալով, Սերժ Սարգսյանին չի հաջողվել
ապահովել Ադրբեջանի կառուցողական դիրքը», – փաստեց Լևոն Զուրաբյանը: Նա համոզմունք հայտնեց, որ Աստանան բացեց դուռը նոր նահանջների համար, որոնք,
ըստ ՀԱԿ ներկայացուցչի, պայմանավորված են ռազմաքաղաքական բալանսի խախտմամբ` հօգուտ Ադրբեջանի:

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյատևման ամեն օրը նորանոր հարվածներ է բերում ազգային անվտանգությանը: Իրավիճակը կարող է փոխել միայն
Սերժ Սարգսյանի հրաժարականը և լեգիտիմ իշխանություն ձևավորումը արտահերթ ընտրությունների միջոցով», – եզրափակեց Զուրաբյանը: