Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է այն փաստը, որ դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին:
Նշենք, որ ավելի վաղ Epress.am-ը հայտնել էր այդ մասին` հղում կատարելով քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրի վրա: Epress.am-ի տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանին այս պաշտոնում փոխարինելու է նրա տեղակալ Տարոն Մարգարյանը, ով ՀՀ նախկին վարչապետ, 2007 թվականին մահացած Անդրանիկ Մարգարյանի որդին է: Երևանի ավագանին պետք է նոր քաղաքապետին ընտրի մեկ ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ Տարոն Մարգարյանը կաշխատի որպես քաղաքապետի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ մամուլի հաղորդագրությունների տեղեկությունների համաձայն` դեկտեմբերի 4-ին Գագիկ Բեգլարյանը ծեծի է ենթարկել նախագահականի արարողակարգի բաժնի պատասխանատու Արամ Կանդայանին: Համաձայն շրջանառվող լուրերի` դեպքից մեկ օր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գագիկ Բեգլարյանը, որը ևս հրավիրված է եղել համերգին, ներկա չի գտնվել. նրա փոխարեն համերգին իր ընկերուհու հետ գնացել է Բեգլարյանի կինը: Նրանք դահլիճում նստել են այն աթոռին, որի անմիջական հարևանությամբ պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Բեգլարյանի կինը դրանից վիրավորվել է, և տհաճ խոսակցություն է եղել նրա ու Կանդայանի միջև: Բեգլարյանի կինը կատարվածի մասին պատմել է ամուսնուն: Բեգլարյանն էլ հաջորդ օրը շտապել է նախագահական` հարցերը պարզելու: Քաղաքապետը Կանդանյանին տարել է Մետաքս, որտեղ դաժան ծեծի է ենթարկել: Համաձայն լուրերի` Բեգլարյանին մինչև երկուշաբթի ժամանակ էին տվել. նա կամ պետք է ներողություն խնդրեր Արամ Կանդայանից, կամ պետք է հրաժարական ներկայացնի:
Նշենք նաև, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այսօր հաստատել է Երևանի քաղաքապետի մասնակցությունը միջադեպին: Նա հայտարարել է, որ նման միջադեպ տեղի է ունեցել, թեև, Արզումանյանի խոսքով, «մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առևանգում, ո՛չ էլ դաժան ծեծ»:
Արտահայտելով Հայաստանի նախագահի դիրքորոշումը` Արզումանյանը նշել է, որ վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի, իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս: