Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ` Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի դատավարության ժամանակ մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:
Խոսելով այս տարվա մայիսի 31-ին տեղի ունեցած դեպքի մասին, երբ երիտասարդները փորձ էին կատարել մտնել Ազատության հրապարակ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության կողմից Սարյանի արձանի հարակից տարածքից, նա նշեց, որ Դավիթ Քիրամիջյանի գործով անցնող վկա Ռուբեն Այվազյանը գետնին ընկած ժամանակ ոտքով հարվածել է Քիրամիջյանին, սակայն միևնույն ժամանակ վերջինիս մեղադրեց խուլիգանություն կատարելու մեջ:
Ինչ վերաբերում է Սարգիս Գևորգյանին, ապա դատախազի խոսքով` վերջինս քաշքշել է գործով անցնող տուժող ոստիկան Արկադի Բաղդասարյանին, երբ նա ցանկացել է Քիրամիջյանին բերման ենթարկել:
Հարությունյանը նշել է, որ այդ օրը Սարյանի արձանի մոտ հավաքված մարդիկ երիտասարդներին բերման ենթարկող ոստիականների հետևից բղավել են` «այ, մլիցա», որը, մեղադրողի կարծիքով, ոստիկաններին հասցված մեծագույն վիրավորանք էր: Մեղադրական ճառում դատախազը նաև նշեց, որ «հերթական անգամ իրական սադրիչները թաքնվել են երիտասարդների թիկունքում»:
Նա կարծիք հայտնեց, որ մեղադրյալի աթոռին հայտնված երիտասարդները, որոնք խոսում են քաղաքացիական հասարակության ձևավորման, օրինականության հաստատման մասին, իրականում դա չեն անում:
Մեղադրանքի վերջում դատախազը հայտարարեց, որ ձեռք բերված ապացույցներով երիտասարդների մեղադրանքը ապացուցված է և, ըստ այդմ, Քիրամիջյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակվի 258 հոդվածի 3-մասի 1-ին կետով (Խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Գևորգյանի նկատմամբ 316 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կամ դա գործադրելու սպառնալիքը)` նրանց պատժաչափը կիրառել 3 տարի ժամանակով: Սակայն, հաշվի առնելով մի քանի մեղմացուցիչ հանգամանք, այդ թվում, որ նրանք երիտասարդ են և առաջին անգամ են միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվում, դատախազն իր ճառում առաջարկեց նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել 3 տարվա փորձաշրջան: Իսկ մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը երիտասարդները պետք է քաղաքից չբացակայելու ստորագրություն տան: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին, որի ժամանակ պաշտպանական ճառով հանդես կգան փաստաբանները:
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում երիտասարդներն ասացին, որ ինչպես և նախկինում, այս պահին նրանք ևս կարծում են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը անհիմն է: