Թուրքիայի` ԵՄ-ի ինտեգրման հարցերով գլխավոր բանակցող, պետնախարար Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները չեն վավերացվի թուրքական խորհրդարանում մինչև լուծում չստանա ղարաբաղյան հակամարտությունը:
Այս մասին Բաղիշն ասել է Դանիայում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական Hurriyet-ին:
«Ներկայումս Հայաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում, երկրի բնակչությունը կիսով չափ կրճատվել է, միայն 70 հազար հայեր ապօրինի բնակվում են Թուրքիայում: Մենք այս փաստի վրա աչք ենք փակում և հնարավորություն ենք տալիս հայերին իրենց ապրուստի համար գումար վաստակել: Թուրքիայում շատ հայ կանայք աշխատում են որպես դայակ, այսինքն` մենք վստահում ենք նրանց ամենաարժեքավորը` մեր երեխաներին: Եթե մենք ատելությամբ լցված լինեինք նրանց նկատմամբ, դժվար թե վստահեինք նրանց մեր երեխաների դաստիարակությունը»,- ասել է պետնախարարը: