Արտահոսքներից պարզ չէ` ինչ է իրականում կատարվում, պարզ է, թե ինչ բացատրություն են տվել Հայաստանի իշխանությունները և ինչ է զեկուցվել Վաշինգթոն: Այսպիսի պատասխան է տվել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Epress.am-ի այն հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի Հայաստանի կողմից Իրան փոխադրված զենքի մասին WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթի գաղտնազերծման փաստը:
«Բայց մենք շատ ուշադիր հետևելու ենք WikiLeaks-ի արտահոսքներին: Կարծում եմ, որ բազմաթիվ հետաքրքիր բաներ կբացվեն: Հայաստանի մասին տեղեկություններն իրականում բացված չեն, ես կարծում եմ` մեզ սպասում են լուրջ անակնկալներ: Ամեն դեպքում, մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, ոչ չարախնդանք, ոչ էլ փորձենք շահարկել, բայց կուտակել ինֆորմացիան, և երբ դրա կարիքը լինի, մենք համապատասխան հայտարարություն կանենք», – նշել է Լևոն Զուրաբյան:
Նշենք, որ WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում նշված էր, որ ԱՄՆ դիվանագետների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն ընդունել են 2003 թվականին Հայաստանի կողմից Իրան իրականացված զենքի փոխանցման փաստը: Այդ զինատեսակներից մեկով 2007 թվականին Իրաքում ԱՄն զինծառայող է սպանվել, ինչն էլ առաջացրել է ամերիկյան կողմի զայրույթը: