Վաղը կայանալիք միջազգային խորհրդաժողովին ՀՅԴ-ն գնահատելու է Հայաստանում ժողովրդավարության վիճակը, երկրում ստեղծված իրավիճակը, կներկայացնի ժողովրդավարության հետ կապված անելիքները և ժողովրդավարության տեղը և նշանակությունն իրենց գաղափարախոսության մեջ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Երկիրը պետք է զարգանա` չզիջելով, ավելի հստակեցնեմ` չզիջելը նախևառաջ պահանջում է չզիջելու համար զարգանալ: Այսպիսի զարգացման աղբյուրը մենք համարում են համազգային ներուժի շարունակական կուտակումն ու իրացումը: Եթե պատրաստվում ես չզիջել, ապա պետք է պատրաստ լինես այդ ուժը կուտակես և քո վրա ուժը դնել, և ոչ թե դրսի ակնկալիքներով գայթակղվել»,- ասել է բանախոսը:
Նրա գնահատմամբ` այս ամենի համար անհրաժեշտ է, որ պետությունը լինի ազգային, իշխանությունն էլ` ժողովրդավարական: Հետևաբար, ըստ Ռուստամյանի, ժողովրդավարությունը այն բնական միջավայրն է, որը կարող է միայն ապահովել հարաճուն զարգացման և համընդհանուր բարօրության հնարավորություն:
«Այս միջավայրի ձևավորման խնդիրն է այսօր Հայաստանում, այս միջավայրը չկա»,- հայտարարել է Ռուստամյանը:
Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդավարության ունիվերսալ պահանջները չեն կիրառվում, չեն տեղայնացվում այն պարզ պատճառով, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք: