Կա երեք կարևոր բաղադրիչ, որոնց առկայությունն է ամբողջացնում երկրում ժողովրդավարության վիճակը: Դրանք են` ներկայացուցչական ժողովրդավարությունը, այսինքն` խորհրդարանի վիճակը, խորհրդարանը որքանով է ներկայացուցչական մարմին, համապատասխանում է արդյոք ներկայացուցչական մարմին լինելու պահանջներին, այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` Հայաստանում դա այդպես չէ:
Ռուստամյանի խոսքով` այսօր Հահաստանի Խորհրդարանը էապես անկարող է` գործադիր իշխանության համեմատությամբ:
«Եթե տեսնենք, թե, օրինակ, ինչքան օրենսդրական նախաձեռնություններ են Ազգային ժողովում ծնվում, և որքանն է բերվում Կառավարության կողմից, կտեսնենք, որ հարաբերությունը 1:10-ի է: Սա ցույց է տալիս, որ մեր խորհրդարանը հակակշռել չի կարող Գործադիր մարմնին»,- մեկնաբանել է բանախոսը:
Նա նշել է, որ այսօր ԱԺ-ում պատգամավորների 25-30%-ն է իսկապես զբաղվում բացառապես օրենսդրական և քաղաքական գործունեությամբ:
«Սա ուղղակի խայտառակ ցուցանիշ է: Ներկայացուցչական ժողովրդավարության մակարդակը մեզ մոտ շատ ցածր է»,- ասել է Ռուստամյանը:
Նա խոսել է նաև մասնակցային ժողովրդավարության մասին` նշելով, որ այն Հայաստանում գրեթե բացակայում է:
«Այն պետք է ապահովի փոխներգործությունը կառավարողների և կառավարվողների միջև: Այսինքն` ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում հասարակությունը պետք է կարողանա ազդել որոշումների վրա: Բնականաբար, ժողովրդավարությունը դառել է մեզ մոտ ընդհատված պրոցես. այն դրսևորում է ունենում, պոռթկում է ունենում ընտրությունների ժամանակ, իսկ ընտրությունների ավարտից հետո հաղթողը տանում է ամեն ինչ, և ավարտվում է ժողովրդավարությունը երկրում»,- ասել է բանախոսը:
Նրա գնահատմամբ` Հայաստանում առկա վիճակը նաև մասնակցային ժողովրդավարության բացակայության պատճառով է:
Ժողովրդավարության երրորդ բաղադրիչը, ըստ Արմեն Ռուստամյանի, անմիջական ժողովրդավարությունն է, որը դրսևորման երկու ձև ունի.
«Հանրաքվեների միջոցով ժողովրդի կամարտահայտումն է և տեղական ինքնակառավարման մեխանիզմների ձևավորումը»,- մեկնաբանել է դաշնակցական գործիչը` նշելով, որ այս մեխանիզմները Հայաստանում գրեթե չեն աշխատում: