Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները, թվում է, «փակուղու» մեջ են մտնում: Wikileaks.org կայքում հրապարակված գաղտնի փաստաթղթերից մեկում ամերիկացի դիվանագետները մեջբերում են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոլան Գալարագի կարծիքը ղարաբաղյան հակամարտության շուրջ վարվող բանակցությունների մասին: Տվյալ փաստաթուղթը ԱՄՆ Պետդեպ է ուղարկվել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատանից այս տարվա փետրվարի 22-ին:
Մասնավոր զրույցում Գալարագը նշել է, որ «Մինսկի խումբը շատ արագ գնում է դեպի ոչ մի տեղ»:
Դիվանագետի խոսքով` Ֆրանսիայի կառավարությունը չի կարող ճնշում գործադրել հայկական կողմի վրա, քանի որ «այս պահին Ֆրանսիայում բնակվող ազգությամբ հայերը 500,000 քվե են ապահովում, իսկ տարածաշրջաններում ընտրությունները կայանալու են մարտին»:
Գալարագը նաև նշել է, որ մի շարք գործոններ կարող են ազդել կովկասյան տարածաշրջանի վրա, այդ թվում` Իրանում վիճակի հնարավոր ապակայունացումը:
«Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կարևոր առևտրային և էներգետիկ կապեր ունեն Իրանի հետ և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում դրանք ազդեցություն կունենան այդ երկրների վրա: Միևնույն ժամանակ, ավելի լուրջ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի փորձերը կարող են հնարավորություն հանդիսանալ շարունակել բանակցություններն այդ երեք երկրների հետ Իրանի նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշման շուրջ», – ասել է Գալարագը: