«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները, որոնց մեջ նրա գրած հոդվածներն են, արդեն մեկ շաբաթ է` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը փոստին չի հանձնել:
Նիկոլ Փաշինյանն անցած հինգշաբթի օրվանից սկսել է ծրարով իր հոդվածներն ուղարկել «Հայկական ժամանակին», որոնք այդպես էլ տեղ չեն հասել: Երեկ «Հայփոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը թերթի հետ զրույցում ասել է, որ երեկվա դրությամբ «Հայփոստի» Արթիկի բաժանմունք Նիկոլ Փաշինյանի անունով որևէ ծրար չի ստացվել, և նամակների տեղ չհասնելու խնդիրը փոստի գործունեության հետ կապված չէ: Այսինքն, նամակները «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս չեն եկել և «Հայփոստին» չեն հանձնվել:
Նիկոլ Փաշինյանի և «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների նամակները փոստին հանձնելը նշված ՔԿՀ-ի վարչակազմի պարտավորությունն է:
«Հայկական ժամանակի» թղթակցին ՔԿՀ-ից խնդրի առնչությամբ պաշտոնական պարզաբանում ստանալ չի հաջողվել: Երբ «Արթիկ» ՔԿՀ-ում հարցման մասին տեղեկացել են, համապատասխան պաշտոնյաների հետ կապվելը դարձել է անհնար: