Home / Հայաստան / Գագիկ Բեգլարյանի «վրով» Սերժ Սարգսյանի PR-ը հեռուն գնաց. օրաթերթ

Գագիկ Բեգլարյանի «վրով» Սերժ Սարգսյանի PR-ը հեռուն գնաց. օրաթերթ

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, այլ տեսանկյունից է դիտարկում իրադարձությունների զարգացումը:

«Նախագահականի նախագահը» հոդվածում «ՉԻ»-ն գրում է, որ երկուշաբթի օրը երեկոյան իրենք տեղեկություններ են ստացել, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շաբաթ օրը` դեկտեմբերի 4-ին, առևանգել է ոմն «Գնդոյի»: «Գնդոյին» տարել են Մետաքսի կոմբինատի տարածք և ահավոր ծեծի ենթարկել` «ինչ-որ անձնական պատճառներով», պատմել էր «ՉԻ»-ի աղբյուրը` չմանրամասնելով, թե ինչը ինչոց է:

«Բնականաբար, մենք չտեղադրեցինք այդ լուրը, որովհետև շատ արագ հասկացանք, որ եթե նույն լուրը կայծակնային արագությամբ շրջանառության մեջ է դրվում լրագրողական դաշտում, ուրեմն` այն ուղղորդված է և ուղղորդված է կոնկրետ հասցեից: Այդպիսի դեպքեր շատ են եղել, երբ ինֆորմացիոն գրոհը նախապես պլանավորել, ապա կազմակերպվել է մեկ կենտրոնից. մամուլի դաշտին մոտ կանգնած մարդիկ կհասկանան, թե խոսքն ինչի մասին է: Իմիջիայլոց, տեղին է հիմա ասել, որ այդպիսի ինֆորմացիոն գրոհ ոչ վաղ անցյալում կազմակերպվեց Ալիկ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի ու էլի ինչ-որ մարդկանց դեմ: Բոլորի հետևում էլ կանգնած էր Սերժ Սարգսյանի PR խումբը, որը, ի դեպ, յուրօրինակ տեխնոլոգիա էր մտածել Սերժ Սարգսյանի համար, թե տեսեք`  նա կարող է հանուն հասարակական շահի պայքարել նաև «իր թիմակիցների դեմ»: Բայց Գագիկ Բեգլարյանի «վրով» PR-ը հեռուն գնաց», – գրում է օրաթերթը:

Հոդվածում նշվում է, որ երեքշաբթի առավոտյան թերթերից մեկը միայն գրել էր այդ մասին, իսկ էլեկտրոնային կայքերը` որպես ամենաընթերցվող նյութ, այն զետեղել էին իրենց էջերում:


«Մեր կասկածները հաստատվեցին. ինֆորմացիոն «սլիվը» նախաձեռնել էր նախագահականը, որովհետև իշախանական երկու կայքերն էին մամուլի տեսության շրջանակներում տեղադրել այդ լուրը, իսկ դա արդեն մատնում էր, թե որտեղից է փչում քամին», – գրում է հոդվածի հեղինակը` նշելով, որ աղմուկն իր գագաթնակետին հասավ երեկ առավոտյան, երբ հայաստանյան գրեթե բոլոր թերթերը` տարբեր երանգավորումներով, անդրադարձան տեղի ունեցածին:

«Ինֆորմացիոն միջուկը նույն էր բոլոր հրապարակումների դեպքում` Բեգլարյանը «առևանգել» է Սերժ Սարգսյանի արարողակարգի ծառայության աշխատակիցներից Արամ Կանդայանին («Գնդոին»-հեղ.), «նրան տարել է Մետաքս ու դաժան ծեծի է ենթարկել», ընդհուպ` «այլանդակել է նրա դեմքը» և այլն», – նշված է հոդվածում:

«ՉԻ»-ն նաև իրականում տեղի ունեցածի մասին իր տեղեկություններն է ներկայացնում` նշելով, որ դեկտեմբերի 3-ին կայացած Դոմինգոյի համերգի ժամանակ Բեգլարյանի տիկնոջն ու նրա ընկերուհուն խնդրել են տեղափոխվել այլ նստարանի: Բեգլարյանի տիկնոջ հետ միասին ընկերուհու կարգավիճակում է եղել ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի տիկինը` Մերին: Բեգլարյանի տիկինն ավելի ուշ բողոքել է ամուսնուն, վերջինս էլ որոշել է հարցը լուծել այնպես, ինչպես միշտ լուծել է: Շաբաթ օրը Բեգլարյանը գործով գնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ: Ապա դուրս է գալիս նրա մոտից և աստիճաններին հանդիպում է  Կանդայանին, որն այդ պահին բարձրանալիս է լինում Կարեն Կարապետյանի մոտ: Բեգլարյանը Կանդայանին տեսնելով` ասում է, թե նրա հետ մի հարց ունի քննարկելու և առաջարկում է դուրս գալ շենքից: Կանդայանն ասում է, թե իրեն սպասում է աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան` քաղաքապետն ասում է, թե խնդիր չի առաջանա, և Կարապետյանն ինքն էլ այդ խոսակցության համար էր Կանդայանին կանչում իր մոտ: Շենքից դուրս գալով` Բեգլարյանն ու Կանդայանը նստում են քաղաքապետի ավտոմեքենան, որտեղ անսպասելի Բեգլարյանը ապտակում է Կանդայանին: Սկսկված «բազարի» ժամանակ Կանդայանը հասցնում է «SMS» ուղարկել Միքայել Մինասյանին: Բեգլարյանի բոլոր մեղադրանքները Կանդայանը չի ընդունում. Բեգլարյանը հենց նրա մոտից զանգահարում է Մերիին` Սադոյանի տիկնոջը, որն իր հերթին ասում է, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Բեգլարյանի տիկնոջ փաստարկը, որ Մերիի հայրն ու Կանդայանի հայրը ընկերներ են, ուստի Մերին չի ցանկացել հոր ընկերոջ որդու` Կանդայանի մասին վատաբանել, ավելի արժանահավատ են թվում Բեգլարյանին: Նա որոշում է նախագահականի աշխատակցին տանել քաղաքապետարան, ապա կանչել տիկնոջը, որից Կանդայանը հետո ներողություն կխնդրի: Կանդայանը սպասում է քաղաքապետի ընդունարանում մինչև Բեգլարյանի կինը վարսավիրանոցից գա, և հարցի «քննարկումը» շարունակվի: Այդ ժամանակ Բեգլարյանին է զանգահարում Միքայել Մինասյանը և չոր տոնով պահանջում է նրանից անմիջապես «հետ վերադարձնել» նախագահականի աշխատակցին: Կանդայանը ընդունարանից վերադառնում է նախագահական:

«Այստեղ էլ գծվում է հետագա գործողությունների սցենարը` ապտակը դառնում է «ծեծ», շենքից միասին դուրս գալը` «առևանգում», քաղաքապետի ընդունարանը` «Մետաքսի գործարան», ապտակի մատնահետքերի տեղերն էլ` այլանդակված դեմք և այլն», -գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: