«Պահանջում ենք չնդունվի այն օրենքը, համաձայն որի կրճատվում է հղիների դեկրետային նպաստները: Հուսով ենք, որ ինչ-որ մի բան կփոխվի: Իսկ եթե մեր պահանջը չբավարարվի, մեզ մնում է տոմս առնենք, գնանք ուրիշ երկրում ծննդաբերենք» – Epress.am-ի հետ զրույցում հայտարարել են «Կանանց ռեսուրսների կենտրոն» հ/կ-ի տնօրեն Լարա Ահարոնյանը և նույն կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանը:
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Stop changes in maternity leave law (Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը) խմբի անդամները «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին օրենքի փոփոխության դեմ: Նրանք պահանջում էին հետ կանչել այդ օրենքի տակ դրված ստորագրությունը:
Երբ Կառավարության շենքից դուրս եկավ Սպորտի և երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը կանայք խմբվեցին նրա շուրջը և սկսկեցին հարցեր տալ:
Վերջինս գրեթե չէր լսում հարցերը, միայն առաջարկում էր դիմել նախարարությանը:
«Ես չեմ հիշում, որ դուք մեզ դիմած լինեք, ես խնդրում եմ, եթե հարցեր են լինում, դիմեք մեզ, և մենք կարձագանքենք»,- արագ-արագ քայելով դեպի իր մեքենան հայտարարել է նախարարը:
Լրագրողների այն հարցին, թե ինչով է Արթուր Պետրոսյանը բացատրում սույն օրենքի ընդունումը, վերջինս հետևյալ կերպ է պատասխանել.
«Դա հետո, տեղը չի էլի, երբ որ ժամանակ կգտնեք դուք, մենք էլ ձեր հետ միասին, կգաք, կքննարկենք»,-ասել է նախարարը:
Կառավարության նիստից հետո ակցիայի մասնակիցների և լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
«Համեցեք, մենք միասին կքննարկենք, նախարարության հետ կապը պահեք, մենք կկապվեք ձեզ հետ: Ես խոստանում եմ, քննարկումներից հետո հանրային լսումներ կազմակերպել, մամուլում կլինի դա, դուք օրը կիմանաք, կգաք կմասնակցեք»,- ասել է նախարարը:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին օրենքի փոփոխությունների մասին տեղեկացնել իրենց, սակայն Արթուր Գրիգորյանը պնդում էր, որ այդ փոփոխություները մշակման փուլում են և ինքն այս պահին չի կարող դրանք ներկայացնել:
«Էդ դեպքում մեր խնդրանքն է` փոփոխությունները մշակելիս, և մինչև հաստատելը անպայմանորեն խորհրդակցել մեզ հետ և հաշվի առնել մեր` քաղաքացիներիս կարծիքը»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նախարարը հավատացրել է մասնակիցներին, որ հենց որ իրենք ծանոթանան փոփոխված օրենքին, կհամոզվեն, որ ամեն ինչ իրենց օգտին է:
Նախարարի հեռանալուց հետո Epress.am-ը զրուցել է մասնակիցների հետ: Նրանց փոխանցմամբ օրենքի փոփոխություններից հետո այդքան էլ արդյունավետ չէ կազմակերպել հանրային քննարկում:
«Նրանք այդ քննարկումները պետք է կազմակերպեին օրենքի փոփոխության նախագծի քննարկման փուլում, ոչ թե դրանք ընդունելուց հետո: Այսինքն`տղամարդիկ նստաց ինչ-որ որոշումներ են ընդունում կանանց մասին, առանց կանանց կարծիքը հաշվի առնելու»,- հայտարարել է ակցիայի մասնակից քաղաքացին:
Լարա Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք բոլոր միջոցներով մինչև վերջ գնալու են, մասնակցելու են այդ հանրային լսումներին:
«Վերջապես մենք ենք էս պետությունը և մենք իրավունք ունենք որոշելու, թե ինչ ա մեզ համար լավ, և սա առիթ ա, որ դա անենք»,- ասել է մեր զրուցակիցը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է տվյալ խնդրին:
«Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը և հանձնաժողովը կիսում են։ Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ և անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ և, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում», – խոստացել է վարչապետը։