Home / Армения / Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլում հայաստանցի ֆուտբոլիստ կխաղա

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլում հայաստանցի ֆուտբոլիստ կխաղա

Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Չմեպինների Լիգայի խմբային մրցաշարի 6-րդ տուրում սեփական հարկի տակ պարտության մատնեց պորտուգալական «Բրագային» և 15 միավորով առաջին տեղը զբաղեցրեց խմբում: Ուկրաինական ակումբին H խմբում առաջին տեղը գրավելու համար անգամ ոչ-ոքին էր բավական, սակայն երկրորդ խաղակեսում «Շախտյորը» 2 գնդակ խփեց և կորզեց հաղթանակը:
Հենրիխ Մխիթարյանն ապաքինվելուց հետո արդեն երկրորդ անգամ փոխարինման դուրս եկավ և խաղադաշտում անցկացրեց մոտ 20 րոպե: Երկու գնդակն էլ խփվեց հենց այն ժամանակահատվածում, երբ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում էր: 78-րդ րոպեին հաշիվը բացեց Ռազվան Ռացը, իսկ 83-ին «Շախտյորի» հաղթանակն ամրագրեց Լուիզ Ադրիանոն:

«Շախտյորից» բացի, H խմբում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև անգլիական «Արսենալը», որն առաջատարից հետ մնաց 3 միավորով: Փլեյ-օֆ փուլի ուղեգրեր այսօր պաշտոնապես նվաճեցին նաև գերմանական «Բավարիան», ֆրանսիական «Օլիմպիկը» (Մարսել), իտալական «Ռոման» և «Միլան», անգլիական «Չելսին» և իսպանական «Ռեալը»:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին: