Թուրքիայի զինված ուժերը ռուսական բանակի հետ համեմատել չի կարելի, քանի որ վերջինս ակնհայտորեն ավելի թույլ է: Այս մասին Свободная пресса-ի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:
«Թուրքիայում, օրինակ, 4000 զրահամեքենա կա: Իսկ մեզ մոտ` ողջ Ռուսաստանի տարածքում, մնացել է 2000-ից մի փոքր ավելին»,- նշել է նա:
Խոսելով հարավային ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Խրամչիխինը հայտարարել է. «Վրաստանի հետ մոտ ապագայում առանց որևէ դժվարության մեր խնդիրները կլուծենք: Թուրքիայի հետ` ընդհակառակը: Բայց Թուրքիայի հետ ներկայումս ցամաքային սահման չունենք: Այստեղ մեկ այլ խնդիր կարող է ծագել` հայ-թուրքական պատերազմը: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք փրկել Հայաստանը»:
Ըստ փորձագետի` եթե ՌԴ-ն հարձակվի Թուրքիայի վրա, դա կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ: Բայց հասկանալի է. որ մենք երբեք Թուրքիայի վրա հարձակում չենք նախաձեռնի: Իսկ եթե Թուրքիան պատերազմ սկսի Հայաստանի դեմ, իսկ մենք ստիպված լինենք օգնել Հայաստանին, դա կլինի Ռուսաստանի և Հայաստանի պայքարը Թուրքիայի դեմ: Որովհետև ՆԱՏՕ-ն մասնակցություն չի ունենա դրանում, եթե միայն մենք չսկսենք Թուրքիան սրփել աշխարհի երեսից ռազմավարական զենքի շնորհիվ:
Խրամչիխինը չի բացառել ղարաբաղյան հակամարտության պատճառով Թուրքիայի` Հայաստանի վրա հարձակման հավանականությունը. «Հենց սա է պատճառը, որ Հայաստանն այսքան կառչած է մեր ռազմական ուժերից իր սեփական տարածքում: Եվ իրենք էլ ամբողջությամբ վճարում են նրանց, ինչը, իմ կարծիքով, եզակի երևույթ է համաշխարհային պրակտիկայում: Գյումրիում և Երևանում տեղակայված ռուսական ռազմակայանները հայերի երաշխիքն են` Ադրբեջանի, միգուցե և Թուրքիայի հետ պատերզմի դեպքում»:
Նման իրավիճակում Հայաստանի վրա հարձակումը կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա: «Հայաստանյան մեր ռազմակայաններում ծառայում է հիմնականում տեղի բնակչությունը: Թուրքերի հետ նրանք անպայման կկռվեն: Եվ այդ դեպքում ստացվում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ է պատերազմում: Իսկ Թուրքիան մեզ հետ հարաբերություն փչացնել հաստատ չի ցանկանում: Ակնհայտ է, որ Թուրքիայում հիմա ծայրահեղական գործընթացներ են տեղի ունենում : Ներկայումս Թուրքիան, որոշակի վերապահումներով, գրեթե ՆԱՏՕ-ի անդամ է: