Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի երրորդ ամենամյա ուղերձը Դաշնային խորհրդին ռուսաստանցիների ընդամենը 32 տոկոսի ուշադրությունն է գրավել, վկայում են ВЦИОМ –ի հասարակական հարցման տվյալները:
Ուղերձը դիտել է հարցվածների ընդամենը 10%-ը, ևս 22%-ը տեղեկացվել է այդ մասին լրատվական թողարկումների միջոցով: Հարկ է նշել, որ ВЦИОМ-ի տվյալները չեն համապատասխանում հեռուստատեսության վիճակագրական ծառայության տվյալներին: Համաձայն TNS Russia-ի` նախագահի ուղերձը “России 1” և “Первый канал”-ի ուղիղ եթերով դիտել է լսարանի 34%-ը` Մոսկվայից, 31,8%-ը` շրջաններից:
Նախագահի ուղերձի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունը պարզելու համար ВЦИОМ-ը ամեն տարի հետազոտություններ է անցկանում: Այս տարվա ուղերձը վերջին 5 տարիների կտրվածքով ամենաքիչն է դիտվել:
Մեդվեդևը ելույթ է ունեցել Դաշնային խորհրդի առջև նոյեմբերի 30-ին: Ելույթի հիմնական թեման բազմանդամ ընտանիքների և երեխաների սոցիալական աջակցության հարցն էր, բայց ընդհանուր առմամբ ելույթը ներառում էր խնդիրների ավելի լայն շրջանակ: