ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` նշելով, որ «Ժամանակ» օրաթերթում տպագրված նյութերն արատավորում են իրենց բարի համբավը:
Epress.am-ի հետ զրույցում «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն այս դատական հայցը որակել է որպես քաղաքական հետապնդում:
«Քոչարյանների ընտանիքի դատական հայցը կապված է մեր օրաթերթում սեպտեմբերին տպագրված երեք նյութերի հետ, որոնց վերաբերյալ, ի դեպ, օրենքով սահմանված կարգով նրանց կողմից ներկայացված հերքումը տպագրվել է: Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում. պարզապես, Քոչարյանների մոտ արդեն բնավորություն է դարձել ազատ խոսքը ծնկի բերելու փորձեր կատարելը»,- մեզ հետ զրույցում հայտարարել է Արման Բաբաջանյանը:
Epress.am-ն այս առիթով զրուցել է նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ:
Վերջինս մեզ փոխանցել է, որ ինքը իրավաբան չէ, և տվյալ պահին չի կարող համապատասխան արձագանք տալ:
«Ես կխոսեմ իրավաբանների հետ, ովքեր զբաղվում են այս հարցով, և տեղյակ կպահեմ: Բայց, համենայնդեպս, ես հերքումը չեմ տեսել»,- ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ: 2009թ. հուլիսին կայացած դատական վճիռով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանը պարտավորեցրել էր օրաթերթին 3 միլիոն 620 հազար դրամ գումար վճարել:
«Հայկական ժամանակ»-ը 2009 թվականի փետրվարին գրել էր, որ 2009 թվականի Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանները հարբած վիճակում ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լևոն Քոչարյանին։ «ՀԺ»-ն դատական որոշումը կայացնելուց հետո նշել էր, որ ողջ դատավարության ընթացքում Քոչարյանի ընտանիքը խնդրո առարկա հրապարակումը չեն հերքել։
«Այսինքն` նրանք երբեւէ չեն հայտարարել, որ օրաթերթի այս տարվա փետրվարի
6-ին լույս տեսած` վիճարկվող հրապարակումից առաջ Քոչարյանի զավակը
Դուբայում չի եղել և այնտեղ գինովցած` ոստիկանություն չի տարվել։ Նրանք
պնդում էին, որ Քոչարյանի զավակը 2008-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2009-ի
հունվարի 1-ը եղել է Հայաստանում», – 2009 թվականի հունիսին գրել էր օրաթերթը։