ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից օրաթերթը հետաքրքրվել է, թե արդյոք ոստիկանությունը չի պատրաստվում քրեական գործ հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու փաստի առիթով:
Ոստիկանապետը քրեական գործի հարուցումը բացառեց, ինչը բացատրեց հետևյալ կերպ. «Ճիշտն ասած, ես արարողակարգի տղային անձամբ չեմ տեսել, բայց դիմել ենք (նախագահական նստավայր), ասել ենք, եթե եղել է նման դեպք` առևանգում, ծեծ, ապա առաջարկել ենք ոստիկանությանը դիմում ներկայացնել: Նրանք հրաժարվել են, ասել են` նման դեպք չի եղել: Ուղղակի վիճաբանություն, քաշքշուկ է եղել, թե ինչ աստիճանի է այդ ամենը եղել, ես այժմ որևէ տեղեկություն չունեմ: Այսինքն` մի բան եղել է, բայց մարմնական վնասվածք, առևանգում չի եղել»: Ալիկ Սարգսյանը Երևանի նախկին քաղաքապետի արարքի մասին նաև ասաց. «Չի կարելի նման մեթոդներով, հաշվեհարդարով որևէ հարց պարզելն անընդունելի է»: