Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը: 1948 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականին դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարվել է Մարդու իրավունքների միջազգային օր:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը: Հենց դեկտեմբերի 10-ին է Նոբելյան կոմիտեն Օսլոյում հանձնում Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Այս տարի պատվավոր մրցանակին է արժանացել չինացի գրող, գրականագետ, իրավապաշտպան Լյու Սյաոբոն, ով քաղաքական դրդապատճառներով բանտարկված է Չինաստանում: Պաշտոնական Պեկինն իր դժգոհությունն էր հայտնել Սյաոբոյին Նոբելյան մրցանակ շնորհելու կապակցությամբ, սակայն քաղբանտարկյալը, այունամենայնիվ, կարժանա մրցանակին, թեկուզև այն նրան առձեռն չեն կարողանա հանձնել:
Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ այսօր մի շարք միջոցառումներ կկայանան: Մասնավորապես, ժամը 10:30-ին Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում տեղի կունենա Մարդու իրավունքների և հանդուրժողականության մասին թեմայով բաց դաս, որին կմասնակցեն Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ժամը 11:00-ին «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպաններ Էդմոն Մարուքյանը, Արթուր Սաքունցը և ՄԻՊ խորհրդական Ռուստամ Մախմուդյանը կանդրադառնան մարդու իրավունքների պաշտոպանությանը մեր երկրում:
Ժամը 16:00-ին Սարյանի արձանի հարակից տարածքից կմեկնարկի Հայ Ազգային կոնգրեսի՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթը: