«Վիկա տրանսը ես եմ միայն, ես ոչ մի տեղեկություն չեմ տվել «Հրապարակ» թերթին: Ես չգիտեմ, ով կարող էր իմ դեմ նման բան անել»,- հայտարարել է Վիկա անունով տրանսվեստիտը` մեկնաբանելով վերջերս «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի նյութ, ըստ որի Վիկա անունով տրանսվեստիտին սպառնացել է Հովիկ անունով մի բիզնեսմեն: Թերթի խմբագրությունից հայտնել են, որ հոդվածը պատրաստվել է հեռախոսազանգի հիման վրա: «Հրապարակ» է զանգահարել ոմն երիտասարդ, ով ներկայացել է տրանսվեստիտ Վիկա և պատմել նշված դեպքը:
Տրանսվեստիտների համայնքի երկու ներկայացուցիչների հետ Epress.am-ի խմբագրություն այցելած Վիկա Սվարովսկին պնդում է, որ միակ հայտնի տրասվեստիտ Վիկան Հայաստանում ինքն է, և այդպես ներկայացող անանուն աղբյուրները նպատակ են դրել վտանգել հենց իրեն:
Այս կապակցությամբ Epress.am-ը խոսել է նաև «Հրապարակ» օրաթերթի փոխխմբագիր Վահագն Թևոսյանի հետ: Մենք խնդրել ենք նրան մեկնաբանել մեզ դիմած տրանսվեստիտ Վիկայի հայտարարությունը: «Ես պաշտոնապես ասում եմ, ձեզ կարող է դիմել ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ Վիկաներ, և ասեն, որ մեզ զանգահարած Վիկան իրենք չեն, բայց մենք չենք էլ պնդում, որ դա այն Վիկա տրանսն է, ով դիմել է ձեզ»,- մեզ փոխանցել է «Հրապարակ»-ի ներկայացուցիչը:
«Ով գրել է, թող ապացուցի, եթե հեռախոսազրույց է եղել, թող համարն ասեն», – ասել է Վիկան: Նա նաև հավելել է, որ եթե նրանք չբացահայտեն, թե ով է դա արել, ինքը պատրաստվում է դատի տալ «Հրապարակ»-ին:
«Եթե չճշտեն ով ա արել, ես դատի կտամ: Ես պատրաստ եմ բողոքել: Էդ Վիկա անունով ներկայացողն էլ, բաց նամակի գրողն էլ նույն մարդն ա: Հորինել են ու գրել են», -վրդովված ասել է Վիկան:
«Թող դատի տա, բայց այս ամենն այնքան անհեթեթ է. ինչ պիտի ասի, պիտի ասի, որ մեզ զանգող Վիկան ի՞նքը չի, հետո՞»,- մեկնաբանել է Վահագն Թևոսյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակի» դեկտեմբերի 7-ի համարում տեղ էր գտել «մի խումբ միասեռականների բաց նամակը», որն ըստ մեկ այլ տրանսվեստիտ` Լորենա Մադոնա Դիվայի, չէր կարող գրվել միասեռականների կողմից, քանի որ, օրինակ, այնտեղ օգտագործվում է ոչ կոռեկտ, վիրավորական «համասեռամոլ» բառը: Այդ տերմինը սովետական օրենդրությունից է, համաձայն որի «համասեռամոլության» համար դատական հետապնդում էր նախատեսվում:
Ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում նաև այն որ, մայրաքաղաքի «Կոմայգում» հավաքվելու համար իրենք 100 դոլար են վճարում տեղի ոստիկաններին: Իրենց ծանոթ չէ նաև «բաց նամակում» նշված ոստիկանական մեքենայի համարանիշերը:
«Հրապարակ»-ը մեկնաբանել է նաև իրենց թերթում տպագրված «մի խումբ միասեռականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին»: «Մեր թերթի ութերորդ էջը կոչվում է ազատ խոսքի հրապարակ: Այնտեղ մենք տեղ ենք հատկացնում նմանատիպ անանուն բաց նամակներին»,- բացատրել է օրաթերթի փոխխմբագիրը:
Լորենա Մադոնա Դիվան համոզված է, որ վերջերս մամուլում նպատակաուղղված արշավ է սկսվել իրենց դեմ. «Ոչ մի բան էլ չեն կարողանում հնարել, սկսել են Եհովայի վկաների, էմոների, հիմա էլ մեր դեմ գրել»:
«Ամեն օր էլ ոտավորներ` մարդիկ, գալիս ու վրա են տալիս, մի այլանդակ ձևի, ուզում են մեզ, դրանից շահագրգռված սկսում են ծեծել, մեքենայով քշել մեր վրա: Մենք դիմում ենք ոստիկանություն, բայց նրանք ումից կարող են փող պոկել, նրանց դեպքին արձագանքում են: Դեպքեր է լինում, որ ոստիկանության աչքի առաջ ծեծում են, սպանում են, ոստիկաններն ասում են` ձեզ քիչ ա, ձեզ պիտի վառեն, բենզին լցնեն վառեն», – պատմում է Մադոնա Դիվան:
Անդրադառնալով «Հրապարակ»-ում տպագրված երկու հոդվածներին` Լորենան հերքել է, որ իրենցից ինչ-որ մեկը կարող էր դա անել: «Հաստատ մեզանից ոչ-ոք չի արել այս բաները, դա արել են այդ հրապարակողները, իմպրովիզացրել են: Իսկ այս ամենն ի վնաս մեզ է, ոստիկանները կլարվեն մեր դեմ, կգան կտրաքացնեն մեզ, կտանեն ոստիկանական հատուկ բաժանմունքներ, էնքան կծեծեն, որ էլ չասած: Ես նման դեպքեր շատ գիտեմ: Ես իրավունք չունե՞մ Հայաստանում` իմ երկրում, ազատ արտահայտվել: Ես հազար անգամ ոստիկանությանն ասել եմ` եկեք ընկերություն անենք իրար հետ, եկեք մեկս մյուսիս ճիշտ
հասկանանք: Իրանք չեն ուզում հասականալ»,- ասել է Դիվան:
Իրավիճակը Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է նաև PINK Armenia հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը: «Միգուցե, ինչ-որ մեկը զանգել է [«Հրապարակ»], տեղեկացրել է, բայց խնդիրն այն է, որ չի կարելի նման ձևով ընդհանրացված գրել մի խմբի անունից: Դա անընդունելի է: Սրանով լարվածություն են ուզում ստեղծել ոստիկանների ու տրանսվեստիտների միջև: Նման սխալ ինֆորմացինաներով, տարբեր թյուր կարծիքների տարածումով հասարակության մեջ լարվածություն է ստեղծվում: Հիմա էլ փորձում են տրանսվիստիտների դեմ լարել հասարակությանը` վտանգելով այդ խոցելի համայնքի ներկայացուցիչների կյանքերը»:
Հովսեփյանը նշել է, որ նման խնդիրներով չի զբաղվում նաև Մարդու Իրավունքների պաշտպանը: «Բողոքները կոծկում են, իրենց տարեկան զեկույցներում չեն էլ ներառում: Միջադեպերի ժամանակ օմբուդսմենին չեն դիմում, հույսները կտրել են նրանից»:
Միասեռականների դեմ ուղղված հրապարակումներում իրավիճակը, ըստ PINK Armenia-ի նախագահի, աբսուրդի է հասնում, երբ հեղինակները կապում են, օրինակ, Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպումը միասեռականների հետ: «Ես հարցրել եմ համայնքի տասնյակ ներկայացուցիչներին: Մեկին չեմ գտել, որ դրական արտահայտվի փառատոնի մասին: Բոլորն անխտիր դեմ էին նրա անցկացմանը Հայաստանում` հայրենասիրական պատճառաբանումներ բերելով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=122