Հայաստանն ունի Սերժ Սարգսյան, չունի նախագահ, ունի Տիգրան Սարգսյան, չունի վարչապետ, ունի Ալիկ Սարգսյան, չունի ոստիկանապետ: Ահա այսպիսի անհասկանալի վիճակի մեջ է գտնվում մեր երկիրը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Համակարգը, որպես այդպիսին, չի աշխատում: Մի հատ անհասկանալի իրավիճակ է. Սերժ Սարգսյանն ասում է` անընդունելի է Գագիկ Բեգլարյանի արածը, Ալիկ Սարգսյանն ասում է` դիմում չկա, քրեական գործ չի հարուցվի: Այստեղից կարելի է հաստատել, որ սա, իհարկե, փիար էր, Միքայել Մինասյանի հաջողված PR-ը»,- խոսելով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջ ծավալված դեպքերի մասին` ասել է Արամ Կարապետյանը:
Կարապետյանը սա համարում է նաև հակափիար` կազմակերպված Միքայել Մինասյանի կողմից, և բացատրում, թե ինչու:
«Ինչո՞ւ հենց հիմա,- հարց է բարձրացրել Արամ Կարապետյանը և ինքն էլ պատասխանել. հենց այն պահին, երբ WikiLeaks-ը մի հատ նյութ տպեց, որ 2003թ. զենք է վաճառվել. սկսվեց հակափիարը` սաղ խառնվեց իրար, սրան հանին, նրան հանին, այսպես արեցին, և ժողովուրդը մոռացավ, որ WikiLeaks-ը շատ լուրջ մեղադրանք է ներկայացնում Հայաստանի իշխանություններին»,- հայտարարել է Կարապետյանը:
Բանախոսը ուղիղ կապ է նկատել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության միջև:
«Լուժկովից հետո Գագիկ Բեգլարյանը հարվածի տակ էր` որպես լուժկովյան թիմի ներկայացուցիչ: Սերժ Սարգսյանի համար Գագիկ Բեգլարյանն այն էր, ինչ Մեդվեդևի համար` Լուժկովը: Իհարկե, մի քիչ բարդ էր աշխատել լուժկովյան Բեգլարյանի հետ»,- հայտարարել է Կարապետյանը: