Իրանի իշխանություններն ազատ են արձակել 43-ամյա Սաքինե Մոհամադի Աշտիանիին: Հիշեցնենք, որ Աշտիանին մահապատժի էր դատապարտվել, որն իրականացվելու էր քարկոծման միջոցով: Ազատ են արձակվել նաև Աշտիանիի որդին և նրա փաստաբանը: Այս մասին հաղորդում է AFP-ը:
Պաշտոնական Թեհրանը դեռ որևէ մեկնաբանություն չի արել այս կապակցությամբ:
Նշենք, որ 2006 թվականին Սաքինե Աշտիանիին մահապատժի էին դատապարտել կախաղանի միջոցով` մեղադրելով նրան ամուսնու սպանության մեջ մասնակցություն ունենալու մեջ: 2007 թվականին մահվան դատավճիռը փոխարինվել էր 10 տարի ազատազրկմամբ: Այնուհետ Աշտիանին նորից մահվան էր դատապարտվել քարկոծման միջոցով` ամուսնուն դավաճանելու համար:
2010 թվականի աշնանն ազատազրկվել էին նաև Աշտիանիի փաստաբանն ու երկու գերմանացի լրագրող, ովքեր փորձել են հարցազրույց վերցնել իրանցի կնոջից: Իրանի իշխանությունները լրագրողներին մեղադրել են լրտեսության մեջ: