Home / Armenia / Հայաստանում պաշտպանված են միայն նախագահականի աշխատողները. իրավապաշտպան

Հայաստանում պաշտպանված են միայն նախագահականի աշխատողները. իրավապաշտպան

«Փաստորեն մեր երկրում կարող է պաշտպանված լինել մարդը, եթե աշխատում է նախագահական աշխատակազմում, և ավելին` ոստիկանապետը կարող է նույնիսկ հիմարավարի ասի տուժող չկա և քրեական գործ չենք հարուցում: Չոռնի Գագոն թույլ  է տվել ոտնձգություն նախագահական ապարատի նկատմամբ: Իսկ Օսիպովին, Բազազին կարելի է, որ քաղաքացիներին ծեծեն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հելսինկան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին:

Ասուլիսին ներկա մեկ այլ իրավապաշտպանի` Էդմոն Մարուքյանի խոսքով` քաղաքապետը չպիտի հրաժարական տար. պետք է քրեկան գործ հարուցվեր, նա պիտի դատապարտվեր, և այդ դատապարտման փաստով նրա լիազորությունները վայր կդրվեին և նոր քաղաքապետ կընտրվեր:

«Դա քրեական հանցագործություն է, ինչ կապ ունի պաշտոնանկության հետ, բոլորը խոսում են, որ պատժվեց, պատժվելը  ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկելն է, ոչ թե պաշտոնանկ անելը», – ասել է իրավապաշտպանը:

Սաքունցը  անդրադարձավ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու հետ կապված աղմկահարույց դեպքին, որի հետևանքով քաղաքապետը ևս որևէ պատասխանատվության չի ենթարկվել: