ՀՀ Արդարադատության արդեն նախկին նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանակության պատճառների մասին այսօր գրում է հայկական մամուլը:
Մասնավորաբար, «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով, իր աղբյուրների վրա, նշում է, որ դատական ակտերի հարկադրումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանը, որն ազգակցական կապեր ունի ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն Դավիթ Հարությունյանի հետ, մոտ մեկ ամիս առաջ հարբած վիճակում ծեծի է ենթարկել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի` Քեթրինի Միհրանի տեղակալին:
Միհրան Պողոսյանը խորհրդակցություն է հրավիրել` ճշտելու, թե ինչու է Միրաքյանը ծեծել իր տեղակալին: Միրաքյանը խորհրդակցության ժամանակ իրեն անվայելուչ է պահել, և Քեթրինի Միհրանն էլ նրան է ծեծել: Սույն պատմությունը հասել է Սերժ Սարգսյանին: Նա իր մոտ է հրավիրել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին և հրահանգել խիստ նկատողություն տալ գլխավոր հարկադիր կատարողին, իսկ Միրաքյանին ազատել աշխատանքից: Միրաքյանը ազատվում է աշխատանքից, սակայն Քեթրինի Միհրանը նկատողություն չի ստանում: «Հայկական ժամանակը» ընդգծում է, որ դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն միայն նախօրեին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչում Դանիելյանին և հանձնարարում, որ ԴԱՀԿ պետին նկատողություն չտալու համար հիմա ինքը` Գևորգ Դանիելյանը դիմում գրի, իսկ Ռուբեն Միրաքյանին էլ վերականգնի աշխատանքի: