«Մենք հաճախ ենք խոսում մեր երկրների արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի ուղղությամբ մեր գործողությունների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կարևոր քայլ հանդիսացավ ՀԱՊԿ-ում որպես նախագահող հանդես գալու վերաբերյալ Ղազախստանի թեկնածությանը համախմբված աջակցության մասին մեր որոշումը», – այսօր Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին իր ելությում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ընդունվեց հնգակողմ հայտարարություն: Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը:
Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով:
Վստահ եմ, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը», – ասել է Հայաստանի ղեկավարը:
Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին քննարկվել են օրակարգում ներառված երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կարգավիճակին, ռազմական և ռազմատնտեսական համագործակցությանը, տեղեկատվական անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներում ՀԱՊԿ գործունեության կարգավորմանն առնչվող հարցերի:
ՀԱՊԿ-ում նախագահությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունից փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Հավաքական անվտանգության խորհրդում ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն, ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների հռչակագիր, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: