Այսօր կայացած մարդու իրավունքների օրվան նվիրված երթից առաջ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, իր ելույթում անդրադառնալով օրերս ազատված քաղբանտարկյալներին, ասաց, որ երեք օրվա մեջ ազատվել են երկու քաղբանտարկյալ և մեկ քաղաքապետ:
Այդ պահին ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հավաքվածների ծիծաղի ներքո հուշեց Զուրաբյանին. «Մեկ հատ էլ արդարադատության նախարար»:
ՀԱԿ համակարգողի խոսքով` այս բոլոր զարգացումները ժողովրդի պայքարի արդյունք են:
«Եթե հիշում եք, անցյալ տարի այս օրը ես ասացի, որ իրավունքները ոչ ոք չի նվիրում, իրավունքները ձեռք են բերում, իրավունքները ստանում են, ոչ ոքի ազատությունը չեն նվիրում, ազատությունը վերցնում են, ազատությունը նվաճում են և մեկ տարվա այս պայքարում մենք ցույց տվեցինք, որ, այո’, միայն պայքարով մենք նվաճելու ենք բոլոր ազատությունները և ազատելու ենք մեր բոլոր քաղբանտարկյալներին: Մի բանում էլ վստահ եղեք, քաղբանտարկյալների ազատումը մեզ համար միայն առաջին գործն է, դրանից հետո մենք պետք է վերականգնենք մեր իրավունքները` կապված մամուլի ազատության հետ, պետք է հեռուստատեսությունը դարձնենք ազատ, իսկ դրանից հետո ամենակարևոր խնդիրը, որը կապահովի մնացած խնդիրների լուծումը, դա այն է, որ մենք վերադարձնելու ենք սեփական իշխանություն ընտրելու իրավունքը ժողովրդին»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նաև փաստել է, որ այս շարժումն արդեն արձանագրում է բազմաթիվ արդյուքներ:
«Մենք, դեռ չեկած իշխանության, արդեն փոխում ենք Հայաստանում մթնոլորտը: Մեր շարժումը, առաջին հերթին, շարժում է իրավունքների համար: Երեք տարվա ընթացքում հայ հասարակությունը շատ ավելի լավ է հասկանում իր իրավուքները, քան երեք տարի առաջ և սա ձեր բոլորի հետևողական պայքարի արդյունքն է: Ուրմեն ի՞նչ եզրակացություն ենք անում սրանից` «պայքար, պայքար մինչև վերջ»»,- իր խոսքն այսպես է ավարտել Լևոն Զուրաբյանը: