Home / Армения / Քաղաքապետի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել

Քաղաքապետի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել

Դեկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Քննարկվեցին քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքային խնդիրներ: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրվեցին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող հանձնարարականներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևան համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովող վարչություններն ու վարչական շրջանները  հանձնարարական ստացան հետևողական լինել, որպեսզի մինչև տարեվերջ մուտքերն ամբողջությամբ ապահովվեն: Զեկուցվեց, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մինչև տարվա վերջ ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով, որպեսզի  տարին ավարտվի 100 տոկոս կատարված բյուջեով:

Հանձնարարվեց բարեկարգման համաքաղաքային միջոցառումներն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստությանը, դրանք ավարտել երկօրյա ժամկետում։ Այս պահին վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ և 2000 տոննա ավազ կա պահեստավորված, հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում պաշարները համալրել:

Կրթության վարչության պետին հանձնարարական տրվեց հետևել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաք տեղի չունենա: «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»,- նշեց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Աշխատակազմի քարտուղարին հանձնարարվեց հետևել քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանը:

«Յուրաքանչյուր ոլորտի ղեկավար  պետք է պատասխանատու լինի  քաղաքացուն  տրված յուրաքանչյուր  պատասխանի բովանդակության համար: Կան դժգոհություններ, որոնք պետք է վերացնենք»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: