Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհուրդը մեզ պարտավորեցնում է ոչ միայն ավելի հետևողական լինել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարում, այլև երախտագիտությամբ վերհիշել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին կամ տուժեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ մարտնչելիս: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ, որը նվիրված է Մարդու իրավունքների օրվանը:
«Ցավալի իրողություն է այն, որ առայժմ անհատի իրավունքները մեզանում պաշտպանված չեն, և մայր Օրենքում դրա ամրագրումը կրում է սոսկ ձևական բնույթ: Քաղաքացիական հասարակության կայացման կարևորագույն պայմաններից մեկը թերևս տվյալ պետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակով է պայմանավորված, ինչը, ցավոք, մեզանում անբավարար վիճակում է: Հայրենի բանտախցերում քաղբանտարկյալների առկայությունը մարդու իրավունքների փաստացի գնահատականն է Հայաստանում, ինչը նաև մեր պետության ամոթն է ու ժողովրդավարության կայացման գլխավոր խոչընդոտներից մեկը», – նշված է «Ժառանգության» հայտարարության մեջ:
«Ժառանգությունը» համոզմունք է հայտնել, որ Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում իրական ժողովրդավարության հաստատումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը այլընտրանք չունեն, և իր բոլոր հնարավորություններով նպաստելու է մեր հայրենիքում Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության կայացմանը: