Այն հերքումը, որը տպագրվել է «Ժամանակ» օրաթերթում` կապված Քոչարյանների ընտանիքին վերաբերող նյութերի հետ, իրավաբանական տեսանկյունից հերքում համարվել չի կարող: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշել է, որ նման տեսակետը ձևավավորվել է Քոչարյանների ընտանիքի իրավաբանների հետ խորհրադկցելու արդյունքում:
«Հերքումն ունի հստակ ձևակերպում, սակայն «Ժամանակում» տպագրվածը չի համապատասխանում դրան: Սա ապացուցում է նաև նրանց այսօրվա նյութերը Քոչարյանների ընտանիքի վերաբերյալ: «Ժամանակ»-ը հոխորտալու փոխարեն ավելի լավ է կեղծ տեղեկատվություն չտպագրի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ այն գումարը, որը պահանջվում է «Ժամանակ» օրաթերթից որպես վնասի փոխհատուցում ամբողջովին տրամադրվելու է կամ մանկատներին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Եթե չեմ սխալվում, 6 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջվում»,- ասել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ Epress.am-ի հետ զրույցում «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը իր օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը որակել է որպես քաղաքական հետապնդում: