Մենք արձանագրում ենք, որ Հայաստանում ձևավորվել է միջազգայնագետ- իրավաբանների այնպիսի մի սերունդ, որը պատրաստ է համակողմանի իրավական հետազոտության ենթարկել հայ ժողովրդի համար չափազանց կարևոր երկու խնդիրներ` Արցախյան հակամարտության միջազգային իրավական ասպեկտները և Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնախնդիրները: Այսպիսի հայտարարությամբ է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտները արդի միջազգային իրավական մարտահրավերների պայմաններում. Կոսովոյից առաջ և հետո» համաժողովին հանդես եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այսօրվա միջոցառումը նվիրված է Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին, թեմա, որ հետաքրքրում է նաև մեր գիտական հանրությանը: Մանավանդ, և այս հարցում ինձ հետ կհամաձայնեն նաև իրավաբանները, որ Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր: Հուսով եմ, որ համաժողովը հնարավորություն կտա ներկաներին տալ այս հարցերի պատասխանները», – վարչապետի խոսքերն է փոխանցում Կառավարության տեղեկատվական բաժինը: