Գերմանիայում կայանալիք «Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Այս տարի Հայաստանի Հանրային Հեռուստառադիոընկերության գեղարվեստական խորհուրդն ընտրել է երգչուհի Էմմիին, ով, հուսով ենք, պատվով ներկայացնելու է մեր երկիրը: Մենք բոլորս պետք է նրա կողքին կանգնենք», – ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, հայտարարված է երգի և ոչ թե երգիչ-երգչուհիների մրցույթը: Երգչուհին լինելու է Էմմին, իսկ երգը կընտրվի մրցույթի արդյունքում:
Մրցույթին երգը ներկայացնելու համար ժամկետները Հարությունյանը խոստացել է հայտարարել առաջիկայում:
«Կընտրվի լավագույնը` անկախ ոճից», – ասել է բանախոսը:
Լրագրողների այն հարցին, «թե արդյոք Էմմին բարիշել է Ալեքսան Հարությունյանի հետ և արդյոք այլևս վիրավորված չէ նրանից», երգչուհին պատասխանել է.
«Երևի այն ժամանակ վիրավորված եմ եղել: Այդ խառը իրավիճակից հետո ինձանից սպասելի էր այդպիսի բան լսել», – ասել է Էմմին` շրջվելով և հարցնելով Ալեքսան Հարությունյանին` «Մենք բարիշե՞լ ենք»: Հարությունյանը ժպտալով գրկեց երգչուհուն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Եվա Ռիվասը հաղթեց Էմմիին ընտրական փուլում և ստացավ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու իրավունք, Էմմին և նրա մայրը` Նադեժդա Սարգսյանը, մի շարք մեղադրանքներ հնչեցրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի հասցեին` նշելով, որ sms քվեարկության արդյունքները կեղծված էին: Սարգսյանն անգամ խոսել էր դատարան դիմելու իր ցանկության մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
«Բարիշելու» մասին հարցից հետո ասուլիսը վարող մոդել Լուսինե Թովմասյանը խնդրեց լրագրողներին հարցեր ուղղել միայն ապագայի մասին:
Խոսելով «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի մասին` Ալեքսան Հարությունյանը նշել է, որ «Եվրոատեսիլ» մրցույթի ժամանակ իր դերն ունի նաև քաղաքականությունը, բայց այնպես չէ, որ ինչ-որ մեկը որոշում է, թե որ երկրին է լինելու Եվրատեսիլի հաղթողը: